Կոչ ենք անում լիարժեքորեն վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով. Պետդեպարտամենտ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 4, 24News

նփ

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակումը շարունակում է մտահոգել Միացյալ Նահանգներին։ Այս մասին ասաց ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի գործողությունները, որոնք Արցախում հանգեցրել են ծանր հումանիտար հետևանքների։

«Մենք շարունակում ենք մտահոգված մնալ Լաչինի միջանցքի հասանելիության խաթարման և ստեղծված իրավիճակի հումանիտար հետևանքների առնչությամբ։ Սա խոչընդոտում է խաղաղության գործընթացը և խաթարում է միջազգային վստահությունը»,- նշեց պետդեպի խոսնակը։

Անդրադառնալով իրադրության հանգուցալուծման տարբերակներին՝ Փրայսն ասաց. «Մենք կոչ ենք անում լիարժեքորեն վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով։ Ցանկացած հարցում առաջընթացի միակ ճանապարհը բանակցություններն են»։  

 --00—ԱՊ