ԱՄՆ-ն պատրաստ է օգնել ՀՀ-ին և Ադրբեջանին՝ առաջընթաց գրանցել շատ բարդ հարցերում. Պետդեպ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

փ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ճեպարզույցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին՝  հայտարարելով, որ ամերիկյան կողմն իր խոսքով և գործով հասկացրել էր, որ պատրաստ է և կարող է օգնել կողմերին՝ Հայաստանին և Ադրբեջանին, ամեն կերպ առաջընթաց գրանցել այս շատ բարդ հարցերում։

Նա հիշեցրել է Մյունխենում պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն աշխատում է գործընկերների հետ, աջակցում է ԵՄ-ի գործընթացին:

«Պետք է նշեմ, որ ԵՄ նախագահ Միշելի կողմից առաջարկ կա՝ հյուրընկալել կողմերին Բրյուսելում։ Դա հնարավորություն է, որը նրանք կարող են ընդունել, նստել և  շարունակել այն առաջընթացը, որը մենք տեսել ենք վերջին շաբաթների ընթացքում», - ասել է Փրայսը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակմանը, ապա Փրայսն ասել է, որ պետքարտուղարը մյունխենյան հանդիպման ժամանակ քննարկել է այս հարցը:

«Նա ընդգծել էր Լաչինի միջանցքով ազատ և բաց առևտրային և մասնավոր տարանցման անհրաժեշտությունը։ Նա նաև կոչ է արել կողմերին բացել այլ տրանսպորտային ուղիներ։ Մենք կարծում ենք, որ առաջին հերթին կողմերի վրա է դրված պատասխանատվությունն առ այն, որ պետք է լուծել ապրանքների ազատ հոսքի այս խոչընդոտները: Մենք կկենտրոնացնենք մեր դիվանագիտությունը՝ փորձելով  օգնել հասնել դրան», - ասել է Փրայսը:

Խոսելով սպասվելիք բրյուսելյան հանդիպման մասին՝ Փրայսն ասել է, որ կողմերին հրավեր ու հնարավորություն է տրվել և ի վերջո, ցանկացած նման հանդիպման իրենց հնարավոր մասնակցության մասին խոսելը պետք է լինի հենց կողմերի՝ հայ, ադրբեջանցի գործընկերների որոշումը:

Պատասխանալով լրագրողի դիտարկմանն առ այն, որ Ռուսաստանը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում քննադատում է գործընթացը՝ ասելով, որ այն տապալում է բանակցային գործընթացը, Փրայսը նշել է.«Իմ միակ մեկնաբանությունն այն է, որ մենք հուսով ենք տեսնել այն առաջընթացը, որը մենք տեսանք վերջին շաբաթների ընթացքում, և մենք պատրաստ ենք աջակցել կողմերին, մինչ նրանք բանակցություններ են վարում այս մարտահրավերի համապարփակ լուծման ուղղությամբ»:

--00—ԱՊ