Բալասանյանի պաշտոնանկությունը պարզապես անձերի փոփոխություն չէ. զրոյացվում է Արցախի անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

photo_2023-01-07_15-32-58

Արդեն երկար ժամանակ սոցցանցերում պայքար էր գնում պարոն Բալասանյանի անունը սեւացնելու համար, ինչ-որ մեղքեր էին փորձում նրա վրա բարդել։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի՝ ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից հեռանալուն։

Պատգամավորի խոսքերով, սա հերթական ապացույցն էր, որ բավականին լուրջ գործընթացներ են պատրաստվում տեղի ունենալ։ «Եվ այս պարագայում Պարոն Բալասանյանը հաստատ խանգարելու էր իշխանություններին։ Սա նաեւ կարող է Հայաստանից եկող պատվեր լինել, որովհետեւ երկար ժամանակ իրեն փողոցային ընդդիմություն հայտարարած մի խումբ հակապետական գործիչներ բավական երկար ժամանակ Բալասանյանի անունի հետ կապված սուտ ու կեղծիք էին տարածում», - նշեց Մետաքսե Հակոբյանը։

«Արդարություն» խմբակցության պատգամավորն ասաց, որ Արցախում փողոցային ընդդիմության արմատները միանշանակ տանում են դեպի Նիկոլ Փաշինյան, «այն նման է ԱԺԲ-ին, որովհետև շատ նման է գործելաոճը. «Ուղղակի այս անգամ փարատվեցին այն կասկածները, որ սրանք ղեկավարվում են նաև Արայիկ Հարությունյանի կողմից։ Այս փողոցային ընդդիմությունը փաստորեն կապում է Նիկոլ Փաշինյան և Արայիկ Հարությունյան անձերը»։

«Ստացվում է, որ մեր միասնականության հայտարարությունից հետո էլ որոշվեց Վիտալի Բալասանյանին փոխարինել այն անձով, որը նշանակվել է։ Սա նշանակում է ուղղակի վերացնել Արցախի անվտանգությունը։ Եվ պետք է ունենալ նոր ԱԽ քարտուղար՝ զրոյացնելով անվտանգությունն Արցախում։ Սա շատ ավելի խորն է, քան ուղղակի առերես անձերի փոփոխությունը»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։

Հիշեցնենք, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում փոխարինել է գեներալ-մայոր Արարատ Մելքումյանը։

Սերգեյ Առաքելյան

--00—ՅՄ