Թուրքերը մոտ են, խնդիրները՝ շատ․ Ներքին և Վերին Շորժաների բնակիչները ժամանակավոր են լքել իրենց տները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

Շ

Ներքին Շորժայում ձյուն շատ է գալիս, թուրքերն էլ մոտիկ են, բնակիչները տեղափոխվել են գյուղից։ Այս մասին 24News-ին ասաց Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ներքին Շորժա բնակավայրի վարչական ղեկավար Արամ Մինասյանը՝ անդրադառնալով «Թաթոյան» հիմնադրամի այն հայտարարությանը, որ բնակիչները լքել են Ներքին և Վերին Շորժա գյուղերը։

«Բայց մարտից կրկին վերադառնալու են, զգուշանում են ձյան գալու հետևանքով ճանապարհի փակվելուց։ Վարդենիս, Ակունք են տեղափոխվել, տարբեր տեղեր, բայց էլի վերադառնալու են։ Գյուղում հիմնականում մնացել են զինվորականները, գյուղը թշնամու կողմից դիտարկման տակ է։ Ես գյուղում եմ»,- ասաց Մինասյանը։

Ըստ նրա՝ գյուղի ուղղաթյամբ վերջին օրերին կրակոցներ չեն եղել, հանգիստ է․ «Բնակիչները դեկտեմբերին են տեղափոխվել։ Գյուղում ձյունը շատ է լինում, խնդիր է դառնում։ Ջուրը սակավ է, ՀԷԿ-ը չի գործում»։

«Բնակիչները, տները կանգուն են, հրետակոծության ժամանակ գյուղում ոչ մի դեպք չի եղել, ոչ մեկին ոչ մի բան չի եղել։ Մարդիկ կան, որոնք Վարդենիսում էլ տուն ունեն։ Մարտին կվերդառնան, նաև եղանակից է կախված, բնակչությունը տեղում է լինելու»,- եզրափակեց Ներքին Շորժայի ղեկավարը։

Վերին Շորժա բնակավայրի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը 24News-ին ասաց, որ բնակչությունը տեղափոխվել է թշնամու ներխուժման պատճառով․ «Բնակիչները ժամանակավոր են լքել գյուղը, կրակոցների ժամանակ են բացակայում։ Հիմնականում տեղափոխվել են Վարդենիս քաղաք, Վարդենիսի գյուղեր։ Ով որ բարեկամ, հարազատ ունի, նրանց տներում են ժամանակավոր բնակվում։

Տարբեր ժամանակ գնում-գալիս են, այնպես չէ, որ ընդհանրապես են գնում»։ Երանոսյանը նշեց նաև, որ ինքը գյուղում է։ Բնակավայրերի վարչական ղեկավարները հեռացածների թիվ չնշեցին։

Ավելի վաղ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը գրել էր, որ 2022թ․ սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ զինված հարձակման հետևանքով Ներքին Շորժա ու Վերին Շորժա գյուղերում քաղաքացիական կյանք այլևս չկա, սարատեղիներն ամբողջությամբ անցել են ադրբեջանական դիտարկման վերահսկողության ներքո, գյուղերը դատարկվել են, առաջացել են ջրի հասանելի լրջագույն խնդիրներ կամ ջուր չկա առհասարակ: Ըստ հիմնադրամի հայտարարության՝ այս փաստերն արձանագրվել են 2022թ. նոյմբերի 25-ին, դեկտեմբերի 29-ին մարզի սահմանային բնակավայրերում փաստահավաք աշխատանքների ժամանակ։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ