Լրացումներ ավիացիային վերաբերող օրենքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

1025354

«Ավիացիայի մասին» օրենքով օդանավի շահագործման հետ կապված հարաբերությունների կարգավորման դաշտից դուրս է մնացել այլ անձանց կյանքի, առողջության կամ սեփականության, պետության անվտանգության կամ առանձնապես կարևոր հանրային շահերի պաշտպանության համար ծանր հետևանքների վերացման կամ դրանց առաջացումից խուսափելու նպատակով, ինչպես նաև ավիացիոն ոլորտում տնտեսվարողի վատ հեղինակություն ունեցող անձանց որևէ իրավունքի տրամադրումը մերժելու կամ տրամադրված իրավունքը դադարեցնելու հնարավորությունը կամ լիազորությունը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հունվարի 11-ին հրավիրված ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում՝ ներկայացնելով «Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը:

Արմեն Սիմոնյանի խոսքով՝ օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է օդանավ շահագործողի վկայականի տրամադրման գործընթացում որպես կարևոր պահանջ հիմք ընդունել իրավաբանական անձի վրա կառավարման լիազորություններ ունեցող անձի (ընկերության խորհրդի անդամ, տնօրեն, խոշոր բաժնեմաս ունեցող անձ, շահագործման համար պատասխանատու անձ և այլն), տնտեսվարողի վատ հեղինակություն ունենալու հանգամանքը, ինչպիսի հիմնավորմամբ հնարավոր կլինի մերժել վկայականի տրամադրումը կամ արդեն իսկ տրամադրված իրավունքի պարագայում` դրա դադարեցումը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը, անդրադառնալով ուղեբեռների կորստին ու չվերթերի հետաձգմանը վերաբերող հարցին, նշել է, որ այն կարգավորվում է միջազգային ու ազգային օրենսդրություններով:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանին հետաքրքրել է, թե արդյոք արդարացի՞ է նախկինում դատվածություն ունեցած անձին, որը ներկայում ապրում է օրինական կյանքով, վճարում բոլոր հարկերը և արժանի մասնագետ է, տեղ է գտել որևէ ընկերության խորհրդում, այդ ընկերությանը մերժել լիցենզիայի տրամադրման հարցում:

Փոխնախարարի խոսքով լիցենզիայի մերժման հիմքերից մեկը հենց դա է, որն օրենքով է սահմանված:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

--00—ՅՄ