Հայաստանը կվավերացնի ՀԱՊԿ կանոնադրության փոփոխությունների մասին արձանագրությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

ՀԱՊԿ Փաշինյան

ՀՀ կառավարությունը՝ հունվարի 26-ի նիստում հավանություն է տվել 2022 թ. օգոստոսի 26-ին ստորագրված «ՀԱՊԿ կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» 1-րդ արձանագրությունը վավերացնելու՝ ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

Արձանագրության համաձայն՝ փոփոխության են ենթարկվում ՀԱՊԿ կանոնադրության 8-րդ և 17-րդ հոդվածները։

Նախ առաջարկվում է ավելացնել «կենսաբանական անվտանգություն» արտահայտությունը, ինչպես նաև  նախատեսել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դրույթ։ Առաջարկվող նորմով լիազորությունների դադարեցման որոշումը պետք է կայացնի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհուրդը։

Այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել էր այն բանից հետո, երբ 2018 թ․–ին ՀՀ–ն հետ էր կանչել Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, և նման դեպքերի կարգավորման բացակայության պատճառով այդ պաշտոնը 1.5 տարի թափուր էր մնացել։

Կենսաբանական անվտանգության բնագավառում ՀԱՊԿ համագործակցության անհրաժեշտությունն էլ բխում է համաշխարհային նոր մարտահրավերներից։

ՀԱՊԿ պայմանագրի կազմակերպության կանոնադրությունն ընդունվել է 2002-ի հոկտեմբերի 7-ին, որից հետո 3 անգամ փոփոխվել է։

--00—ԼՄ