Արցախի նախագահն առանց սահմանադրական փոփոխությունների էլ կհեռանար, ձախողում էր․ ինչ-որ բան այն չէ

 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

Ց

Արայիկ Հարությունյանը բազմիցս հնարավորություն ուներ պաշտոնից հեռանալ, սակայն սահմանադրական ճանապարոհվ հեռանալու բոլոր փորձերը մտածված ձախողել է։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահի պաշտոնին վերաբերող սահմանադրական նոր փոփոխությունների նախաձեռնությանը։

Այսօր հայտնի դարձավ, որ Հարությունյանի ստորագրած հրամանագրի համաձայն՝ նախաձեռնվել է Արցախի Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ ռազմական դրության ժամանակ Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում ԱԺ-ի կողմից Նախագահի ընտրության և դրա առանձահատկությունների վերաբերյալ:

Պատգամավոր Դավիթ Գալստյանի կարծիքով, այստեղ ինչ-որ բան այն չէ․ «Մանրամասներին ծանոթ չեմ, չգիտեմ՝ որն է նման նախագիծ բերելու շարժառիթը։ Եթե առաջին հայացքից տեսնում ենք, որ Արայիկ Հարությունյանը նախաձեռնել է մի փոփոխություն, որով իր հեռանալու ճանապարհն է նախանշում, մեծ կասկածի տեղիք է տալիս։

Քանի որ այդ հնարավորությունն ուներ, և իր կողմից ձախողվում էր: Հիմա նման փոփոխություններով հանդես գալը լուրջ չի ընկալվում։ Կա՛մ կփորձի հանրային դժգոհություն ձևավորել ու հրաժարվել այդ փոփոխութուններից, Կա՛մ էլ ինչ-որ ճնշումների տակ է այդ քայլին դիմել, հավանական է՝ Հայաստանի իշխանությունների կողմից»։

«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը 24News-ին ասաց, որ մինչև Արայիկ Հարությունյանի՝ Մոսկվա այցելությունը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն աշխատում էր իրավական փոփոխությունների նախագծի ուղղությամբ։

«Ինչպես գիտեք, միաժամանակյա են Արցախում ընտրությունները՝ և՛ խորհրդարանական, և՛ նախագահական։ Իսկ եթե նախագահի ընտրություն հնարավոր չէ, կոլապս է առաջանում։ Եթե ընտրությունը հնարավոր լինի, բնականաբար, ԱԺ-ն չի ընտրի։ Բայց եթե ստացվի մի ֆորսմաժորային իրավիճակ և ընտրություն հնարավոր չլինի իրականացնել, պառլամենտը, որպես ժողովրդի կողմից ընտրված բարձրագույն ներկայացուցչական մարմին, կարգավորելու է երկիրն առանց նախագահ չթողնելու հարցը։ Բացը պետք է լրացվի, լրացվում է»,- ընդգծեց Մոսիյանը։

«Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանն ասաց, որ երբ փաստաթուղթը սեղանին լինի, կարծիք կհայտնի։ «Կարդանք, ծանոթանանք, ըստ այդմ էլ կկարողանանք մեր վերաբերմունքն արտահայտել։ Բայց քանի որ ծանոթ չեմ, չեմ կարող ոչինչ ասել»,- եզրափակեց Պետրոսյանը։

Արցախի ԱԺ իշխող «Ազատ Հայրենիք – ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի, իշխանական մյուս պատգամավորների, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանի և քարտուղար Գեղամ Ստեփանյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ