Արցախից չեն հերքում Արայիկ Հարությունյանի մասնակցությունը ադրբեջանցիների հետ վերջին հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

գգ

Եթե Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ հավելյալ տեղեկություն տարածելու կարիք լիներ, պետական համակարգը կաներ։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության, «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցության, ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արամայիս Աղաբեկյանը՝ անդրադառնալով 5 օր առաջ կայացած հանդիպմանը, որը կազմակերպվել էր ռուսական խաղաղապահ զորակազմի անմիջական մասնակցությամբ։

Աղաբեկյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց նշված հանդիպմանը ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի, ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արարատ Մելքումյանի մասնակցության մասին տեղեկությունները՝ նշելով, որ կառավարության կողմից հավելյալ տեղեկություն տալու անհրաժեշտություն չի եղել այս թեմայով։

Պատգամավորն ասաց, որ Բերձորի (Լաչին) միջանցքով անխափան տեղաշարժն ապահովելու մասին ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի որոշումից հետո իրավիճակը շարունակում է նույնը մնալ՝ ադրբեջանցիմ այսպես կոչված, «էկոակտիվիստները» փակ են պահում ճանապարհը․ «Հաագայի դատարանի որոշումից հետո տեղի ունեցած միակ իրադարձությունը ներկայացուցիչների միջև տեխնիկական [դեպի Արցախ գազի, էլեկտրաէներգիայի մատակարարման] հարցերով հանդիպումն է ռուսական միջնորդությամբ։ Լաչինի միջանցքի բացման հարցով որևէ առաջընթաց չկա»։

Արամայիս Աղաբեկյանն ասաց, որ ադրբեջանական պահանջներն ու նպատակները շարունակում են մնալ նույնը, որոնցից մեկը՝ Լաչին-Հայաստան սահմանով անցակետեր տեղադրելու պահանջը, հայաստանյան իշխանությունը մերժել է։

«Ռուսական կողմն էլ է իր դիրքորոշման մեջ հստակ, որ միջանցքի տարածքում որևէ ադրբեջանցի չպիտի լինի, որևէ անցակետ չպիտի լինի։ Այդ հարցում ռուսական կողմի տեսակետն ու հայկական կողմի տեսակետը նույնն են»,- եզրափակեց իշխանական պատգամավորը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ