Լավրովը Միրզոյանի ներկայությամբ օգտագործեց «30 տարի օկուպացրած» եզրույթը, պատասխան չհնչեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը այսպես կոչված «Բաքու-Ստեփանակերտ վերաինտեգրման» մասին, որտեղ նա ասում է, թե «դեռևս ճանապարհ կա անցնելու», ուղղակի ամոթալի է, այն ադրբեջանական օրակարգի մեջ է, ինչին պետք է գնահատական տան ՔՊ-ին ընտրած քաղաքացիները։ Այս մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Առնվազն անընկալելի էր Ալեն Սիմոնյանի ակնարկները, եթե չասեմ ուղիղ ճնշումները՝ ուղղված Արցախի իշխանություններին՝ փոխել արտաքին քաղաքական վեկտորը։ Չեմ էլ ուզում անդրադառնալ նրա հայտարարություններին՝ կապված մեր դաշնակից երկրի ղեկավարի հնարավոր ձերբակալության հետ», - նշեց նա։

Ըստ Մամիջանյանի, Ալեն Սիմոնյանի ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խոսքերը՝ կապված արցախյան հիմնախնդրի հետ, տրամագծորեն իրար հակասում են։

«Գոնե թող որոշեն, թե ով է խոսում կամ չի խոսում»,-հավելեց նա։

Մամիջանյանը հիշեցրեց, որ երկուշաբթի Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը օգտագործել է «30 տարի օկուպացրած» եզրույթը, որին Միրզոյանը ոչ մի պատասխան չի տվել։ Բացի այդ, ըստ բանախոսի, Լավրովը նշեց, որ 2020 թ․-ի հոկտեմբերին հնարավոր էր կանգնեցնել պատերազմը, ինչին պաշտոնական Երևանը չի գնացել։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ