Այլևս ՍԴ-ից մոտ ապագայում դժվար է սպասել որևէ դրական բան. Արթուր Ղամբարյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

ceb28292b5b0aa391b6ea846129710fc_M

Դեռևս 2022թ․ փետրվարին ՀՀ սահմանադրական դատարանում (ՍԴ) հնչեղություն ունեցող քրեական գործերից մեկով վիճարկել եմ ազատության մեջ գտնվող մեղադրյալին՝ կալանքի միջնորդությունը քննարկելու համար ազատությունից զրկելու կարգավորումների (1998թ․ ՔԴՕ 130-րդ հոդված) սահմանադրականությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում իր էջում գրել է Իրավագիտության դոկտոր, քրեական իրավունքի մասնագետ Արթուր Ղամբարյանը:

«Նշված գործով պետք է քննարկվեին ձերբակալման ինստիտուտի չարաշահման միջոցով մարդուն ազատությունից զրկելու լրջագույն խնդիրներ, ինչը հետագայում կարող էր ունենալ կանխարգելիչ նշանակություն, սակայն ՍԴ-ն, ամենայն հավանականությամբ, չկարողանալով գործի նկատմամբ ցուցաբերել «վերանձնային մոտեցում», մարդուն ազատությունից զրկելու այս կարևոր հարցով խուսափեց դիրքորոշում հայտնելուց։

ՀՀ ՍԴ-ն ձգձգումներից հետո՝ 13․09.2022թ. հայտարարություն տարածեց այն մասին, որ ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում չի ընդունվել, ուստի դիմումը համարվել է մերժված

Այսօր շատերը փաստում են, որ գործնականում իրավապահ մարմինները ներդրել են մարդու՝ անձնական ազատությանից զրկելու այնպիսի համակարգային մեխանիզմներ, որոնք, առանց չափազանցության, կարող են հանգեցնել մարդու ազատության զանգվածային խախտումների։ Այս մասին տարբեր հարթակներում ահազանգում են նաև ՀՀ դատավորները։

Գործնականում ստեղծվել է հետևյալ իրավիճակը․ անմիջական կասկածանքի հիմքով անձի ձերբակալում → դատարան՝ կալանքի միջնորդության ներկայացում → դատարանի կողմից կալանքի միջնորդության մերժում → անձին դատական նիստերի դահլիճից ազատ արձակում → հաջորդ «րոպեին» կրկին անձի ձերբակալում (դատարան ներկայացնելու հիմքով) → կրկին կալանքի միջնորդության ներկայացում → մեկ այլ դատավորի կողմից միջնորդության մերժում → անձին դատական նիստերի դահլիճից ազատ արձակում → հաջորդ «րոպեին» երրորդ անգամ անձի ձերբակալում (դատարան ներկայացնելու հիմքով) և այսպես շարունակ։ Այս սցենարը կարող է կրկնվել այնքան ժամանակ, քանի դեռ կալանքի միջնորդությունը չի մակագրվել այնպիսի դատավորի, որը կբավարարի այն։

Առկա են նաև օրենսդրական այլ կարգավորումներ և օրենսդրական բացեր, որոնք իրավապահ մարմինների կողմից այլ չարաշահումների պարարտ հող են ստեղծում։

Այլևս ՀՀ ՍԴ-ից, որը վերջին տարիներին ձևավորել է անհատական դիմումների քննությունից խուսափելու՝ սահմանադրական արդարադատության ինստիտուտին ոչ հարիր քաղաքականություն, մոտ ապագայում դժվար է սպասել որևէ դրական բան։ Եթե դա լինում էլ է, ապա, որպես կանոն, ուշացած։

Մնում է միայն այս հարցով մտահոգված ՀՀ դատավորների պահանջով օրենսդրական հրատապ փոփոխությունների իրականացման հույսը»։

--00—ՅՄ