Սևանցի ևս մեկ հերոս գնաց իր անկոտրում ու հայրենիքը պաշտող ընկերների մոտ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

Նարեկ

Սեւանի քաղաքապետարանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել նախօրեին Ադրբեջանի սադրանքից զոհված, հերոս Նարեկ Սարգսյանի մասին․

«Նարեկ Գագիկի Սարգսյան /1994-2023/

2023-ի ապրիլի 11-րդ օրվա մեջ տագնապ կար, որ յուրաքանչյուր տուն մտավ պաշտոնական հաղորդագրության տեսքով` «Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհվել է 4 զինծառայող»:

Ժամեր անց Սևանում տագնապը վերածվեց մեծագույն ցավի ու անդառնալի կորստի, իսկ կորուստն անուն ունի` Նարեկ Գագիկի Սարգսյան:

Լույսի ու հավերժության ճանապարհը բռնեց մեր հերոսը, որ հայրենիքի իրական նվիրյալներից էր, որն իր ծառայության ընթացքում հասցրել էր դառնալ հայրենիքի պաշտպան, որը լավ գիտեր այս հողի ու խաղաղության գինը:

Սևանցի ևս մեկ հերոս գնաց իր անկոտրում ու հայրենիքը պաշտող ընկերների մոտ, որ երկնքից հսկի հող հայրենին ու մեր խաղաղությունը։

29-ամյակդ դեռ չբոլորած` դարձար անմահության մարտիկ` հավերժ զինվորագրվելով Աստծո բանակին: Չհասցրիր ամուսնանալ, երազանքներդ մնացին անթև ու կիսատ, սակայն հասցրիր մեզ պատգամել ամենաթանկը` սիրել հող հայրենին ու լինել իրական նվիրյալ:

Մեր հավերժ զինվոր, առնական ու հպարտ, հայրենիքի մարտիկ, մենք՝ ապրողներս, խնկարկում ենք քո հիշատակը, խոնարհվում հիշատակիդ առաջ։

Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, համայնքապետարանի աշխատակազմը, համայնքի ավագանու անդամներն անհուն կսկիծով կիսում են Սարգսյանների ընտանիքի վիշտը՝ հայտնելով իրենց ցավակցությունն ու զորակցությունը, մաղթելով հոգու կորով, համբերություն և տոկունություն:

Հավերժ փառք մեր հերոսին` Նարեկ Սարգսյանին»։

--00—ՍՊ