Տեղում իրավիճակը հանգիստ է, կողմերը զբաղեցրած դիրքերում ինժեներական աշխատանքներ են իրականացնում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

102507b4-b462-4d3b-a5df-d467b90629a4.jpg

Իրավիճակը Սյունիքի մարզի Տեղ գյուղի ուղղությամբ հանգիստ է ադրբեջանական զինուժի վերջին սադրանքից հետո։ Այս մասին 24News-ին ասաց Տեղ համայնքի Արավուս բնակավայրի վարչական ղեկավար և ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Արգամ Հովսեփյանը։

Ըստ նրա՝ թե՛ հայկական, թե ադրբեջանական կողմերն ինժիներական աշխատանքներ են անում զբաղեցրած դիրքերում։ Ինչ վերաբերում է համայնքի բնակչության տրամադրություններին, ապա Հովսեփյանն ասաց, որ նորմալ է. «Պատերազմ տեսած ժողովուրդ է, բնակիչներն իրենց բնականոն կանոն կյանքով ապրում են»։

Խոսելով ադրբեջանական զորքերի հետքաշման վերաբերյալ բանակցությունների մասին՝ Արավուսի ղեկավարը նշեց. «Ի՞նչ բանակցություն։ Տենց բան չկա, ո՞վ է ասել, որ ադրբեջանցիները բանակցություններով հետ են քաշվելու։ Մինչեւ ադրբեջանցիների գլուխը չջարդես, հետ չեն քաշվելու»։ «Տենց բա՞ն որտեղ ա էղել էսքան տարիների ընթացքում։ Վերջին 30-32 տարիների ընթացքում տենց բան ե՞րբ ա էղել։ Մինչեւ չպատժվեն, հե՞տ են քաշվում, ի՞նչ բանակցություն»,- եզրափակեց Տեղի ավագանու անդամը։

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Տեղ համայքի Տեղ սահմանամերձ բնակավայրում փոխհրաձգություն էր սկսել Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական զինուժի սադրանքով։ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտեցել էին ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին, որից հետո կրակ են բացել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։

Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։

Սերգեյ Առաքելյան

--00—ԶՀ