«Մեզ զենք տվե՛ք՝ մեր երկրի սահմանը պաշտպանենք»․ Տեղ գյուղի բնակիչներն անհանգիստ են․ Աննա Գրիգորյան

 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

ս

Տեղ գյուղում իրադրությունը, ընդհանուր առմամբ, հարաբերական կայուն է։ Այս մասին 24News-ին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, որն իր մյուս գործընկերների հետ հերթական անգամ Ադրբեջանի զինուժի կողմից հարձակման ենթարկված Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղում էր։ Գրիգորյանն ասաց, որ բնակիչները խուճապի մեջ չեն, բայց անհանգիստ են։

«Մարդիկ անհանգիստ են երեկվա դեպքերից հետո, թե վաղն ինչ կլինի։ Չէին սպասում, որ ադրբեջանցիները կմտնեն իրենց հողը, արոտավայրերմ ու կկրակեն մեր զինվորների վրա։ Դրան գումարած՝ իշխանությունների վարած «խաղաղության» դարաշրջանի քաղաքականությունը։ Բայց մարդիկ ամուր են, սյունեցու կամքը կա, ասում են՝ «մեզ զենք բաժանե՛ք, որ կարողանանք մեր երկրի սահմանը պաշտպանենք»,- հավելեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ երեկ Տեղ համայքի Տեղ սահմանամերձ բնակավայրում փոխհրաձգություն էր սկսել Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական սադրանքի հետևանքով։ Ադրբեջանի զինծառայողները մեքենայով մոտեցել էին ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ զինծառայողներին, որից հետո կրակ են բացել ՀՀ զինծառայողների ուղղությամբ։ Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։ Ադրբեջանական կողմը հաստատել է իր 3 զինծառայողի զոհվելու մասին։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ