Porsche Cayenne-ը Չայնիի ոլորաններում 350 մետր գլորվել է ձորը․ կան զոհեր և վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

նկար

Ապրիլի 21-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմանում Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 26 կմ հատվածում՝ Չայնիի ոլորանների սկզբնամասում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 350 մետր մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորում, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, ում դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս՝ ձորում՝ մոտ 100 մ հեռավորության վրա։ Իսկ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ 

3 վիրավորներին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են քաղաքացիները և պարեկները։ Այս պահին պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա։

Փրկարարները մեծ դժվարությամբ ճոպանի միջոցով պարեկների հետ միասին դին դուրս են բերել և մոտեցրել դիատարին։ 

Մինչ փրկարարները դին էին դուրս բերում, «Աբովյան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ 

Վթարի փաստով Կոտայքի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։

--00—ԼՄ