«Սաակաշվիլին ռմբակոծեց Ցխինվալը». Զուրաբիշվիլիի հայտարարությունը ցնցել է Վրաստանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

Salome

Մարտի 20-ի՝ «Ռեակցիա» հաղորդման ժամանակ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի` 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի վերաբերյալ արված հայտարարության հարևան Վրաստանի նախադեպը չունեցող իրավիճակ է ստեղծել: Հարցազրույցի շրջանակում Զուրաբիշվիլին բաց տեքստով Վրաստանի՝ պատերազմի շրջանի իշխանությանը՝ մասնավորապես նախագահ Սաակաշվիլիին, մեղադրել է սեփական ժողովրդին՝ հարավօսական խաղաղ բնակչությանը ռմբակոծելու համար:

«Սաակաշվիլին ռմբակոծեց Ցխինվալը, մեր բնակչությանը: Ես սա համարում եմ սխալմունք և ոչ թե Վրաստանի պատասխանատվությունը պատերազմում: Այն ժամանակ, երբ պարբերաբար ռմբակոծվում էին մեր քաղաքները, ի՞նչ պետք է աներ կամ չաներ Սաակաշվիլին, այդ մասին պատմությունը դեռ կասի իր խոսքը»,-հայտարարել է նախագահ Զուրաբիշվիլին:

Զուրաբիշվիլիի հայտարարությունից հետո Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունը պահանջել է նախագահ Զուրաբիշվիլիի հրաժարականը: Ավելին, ընդդիմադիրները պահանջել են նաև պատասխանատվության ենթարկել նրան: 

Զուրաբիշվիլիի հայտարարությունը քնարկման առարկա է դարձել նաև ընդդիմադիրների և վերլուծաբանների համար, և դա այն պայմաններում, երբ Հաագայի դատարանում 2008 թվականի պատերազմի հանգամանքների հետաքննությունը մտել է վճռական փուլ: Մտավախություն կա, որ Ռուսաստանն այս հայտարարությունը որպես փաստարկ կարող է օգտագործել հենց Վրաստանի դեմ` հետաքննությունն ուղղելով այլ հուն:

«Այն, ինչ հայտարարեց նախագահը, լիովին համընկնում է ռուսական պրոպագանդայի հետ, վնասում է Վրաստանի միջազգային հեղինակությանն ու շահերին: Ապացուցում է, որ հարմարեցված է քաղաքական ինչ-որ պատվերի»,-հայտարարել է վերլուծաբան Բաթու Քութելիան:

Ընդդիմադիր քաղաքական թևը համոզված է, որ Վրաստանի իշխանությունները պետք է անեն հնարավոր ամեն բան՝ իրավիճակը շտկելու համար, առավել ևս, որ մեկ ամսից կայանալու է Հաագայի դատավորների այցը Վրաստան: Այստեղ չեն բացառում, որ, ելներով ստեղծված իրավիճակից, կարող է ռուսական ճնշման ներքո նոր հետաքննություն սկսվել՝ 2008 թվականի պատերազմի հանգամանքների շուրջ և ոչ ի շահ Վրաստանի: Եվ դա այն ժամանակ, երբ հետաքննությունը մտել է ավարտական փուլ: