Ադրբեջանցիները չեն գա Տիգրանաշեն, մենք էլ Արծվաշեն չենք գնա, ապրենք, անկլավները կմնան նույն ձևով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում բազմապիսի հարցեր կան, վարչապետը կգա հանձնաժողով, և շատ հարցերի պատասխաններ կտրվեն։ Այս ընթացքում տասնհինգ հազար փաստաթուղթ՝ հրամաններ, քարտեզներ են ուսումնասիրվել: Ջալալ Հարությունյանը համաձայնություն է տվել, որ գա հանձնաժողով, մյուս զինվորականներին ևս հրավերներ կուղարկվեն: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

Անդրադառնալով անկլավների խնդրին՝ Գագիկ Մելքոնյանը նշեց, որ Տիգրանաշենն ու Արծվաշենը կղզիներ են, նրանց համար նոր ճանապարհներ է պետք կառուցել, հավանաբար բանակցությունների ժամանակ համաձայնության կգան, անկլավների փոխանակման հարցը կփակվի, կմնա նույն ձև. «Ադրբեջանցիները չեն գա Տիգրանաշեն, մենք էլ Արծվաշեն չենք գնա ապրենք, անկլավները կմնան նույն ձև»:

Անդրադառնալով ընդդիմության պայքարին՝ Գագիկ Մելքոնյանը նշեց, որ նրանց պայքարը չի հաջողելու, քանի որ ժողովուրդը նրանց չի հետևում. «Ընդդիմությունը նույն մարդկանցով տարբեր խմբավորումներ է ստեղծում, ամեն մեկը մի 8-10 հոգի համախոհ ունի, ուզում են ցույց տալ իբր առանձին շարժումներ են ձևավորել, բայց ոչինչ չեն կարող անել, ժողովուրդն իրենց հետևից չի գնում: Նրանց ամբողջ նպատակը իշխանությունն է, երազում դա են տեսնում, բայց թող չերազեն, իշխանություն չեն տեսնելու, ժողովուրդը իրենցից զզվում է: Պետք է միասնական լինենք, որ երկիրը չկորցնենք, դրա համար պետք է հասկանան, որ իրենց շարժումները զրո են»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ