ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են քաղաքացիական հիվանդանոցում գտնվող կալանավորին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

1

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ օրեր առաջ նախաձեռնվել է կալանավորված Կոնստանտին Հովհաննիսյանի առողջական պահպանման իրավունքի ապահովման վերաբերյալ վարույթ, որի շրջանակում գրություն է հասցեագրվել Արդարադատության նախարարություն: Միաժամանակ, հաշվի առնելով Կոնստանտին Հովհաննիսյանի առողջական վիճակի վերաբերյալ լրատվամիջոցներում վերջին օրերին առկա տեղեկությունները՝ պարզաբանումներ ստանալու նպատակով անմիջապես կապ է հաստատվել Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի հետ, հայտնել են ՄԻՊ աշխատակազմից։

Բարձրացվել են ԶԼՄ-ներով հրապարակված հանգամանքները՝ կապված ինչպես կալանավորված անձի առողջական վիճակի, այնպես էլ՝ փաստաբան ներգրավելու հետ:

ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտից ստացվել է պարզաբանում, որ հաշվի առնելով Կոնստանտին Հովհաննիսյանի առողջական վիճակը՝ կալանավորվելուց անմիջապես հետո նա տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, այնուհետև՝ քաղաքացիական հիվանդանոց, և քննչական մարմնի կողմից թույլատրվել է նաև նրա մոտ խնամակալի գտնվելը:

Ի գիտություն ընդունելով ԱԱԾ պարզաբանումները և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վարույթի նյութերը՝ այսօր Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկն այց են իրականացրել քաղաքացիական հիվանդանոցում գտնվող կալանավորվածին: Վերջինս և նրան խնամող ազգականները մատուցվող բժշկական ծառայությունների վերաբերյալ գանգատներ չեն ներկայացրել: Անձի առողջական վիճակի, խափանման միջոցի հետ դրա համատեղելիության և այցի ընթացքում բարձրացված այլ հարցերի վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմում նախապատրաստվում է ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտ ուղղված գրություն: