Մտահոգիչ է, Հայաստանում ատելության խոսքը լայն տարածում է գտնում․ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24news

միպ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հուլիսի 6-ին, ընդունել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» երկրորդ ծրագրային ձևաչափի շրջանակում իրականացվող «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի համակարգող Անջելո Լոնգոյի գլխավորած պատվիրակությանը, տեղեկանում ենք ՄԻՊ գրասենյակից։ 

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի աշխատակազմի գործունեության առաջնահերթությունները: Այս համատեքստում նա ընդգծել է ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը:

Պաշտպանը նշել է, որ այդ երևույթներն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում լայն տարածում են գտնում, ինչն անընդունելի է: Հատկապես մտահոգիչ է ատելության խոսքի կիրառումն ակադեմիական համայնքում, քաղաքական և հանրային գործիչների կողմից, ինչպես նաև մեդիադաշտում։

Պաշտպանը բարձր է գնահատել խտրականության դեմ պայքարի ոլորտում ՄԻՊ աշխատակազմի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության մակարդակը՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնելու փոխգործակցությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ազգային փոքրամասնություննների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր։ Անահիտ Մանասյանը ԵԽ գործընկերոջը տեղեկացրել է, որ աշխատանքներ են իրականացվում ՄԻՊ-ին առընթեր խորհրդի ձևավորման ուղղությամբ։

Իր հերթին Անջելա Լոնգոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ներկայացրել «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների մանրամասները, ինչպես նաև ծրագրի շրջանակներում համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն հայտնել։

--00—ՍՊ