Վեհափառը կարևորել է սփյուռքի երիտասարդ հայորդիների այցը Հայաստան, հատկապես այս դժվարին օրերին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24news

359112225_674486011386987_8213385208562816343_n

Հուլիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) «Գլոբալ առաջնորդության» և «Երաժշտական Հայաստան» ծրագրերի մասնակից սփյուռքահայ երիտասարդ ուսանողներին ու երաժիշտներին, ինչպես նաև Մոնրեալի (Կանադա) սկաուտական խմբին՝ ուղեկցությամբ ՀԲԸՄ-ի Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանի։

Հանդիպմանը, տիար Յակուբյանը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ շուրջ 35 սփյուռքահայ երիտասարդներ Հայաստան են ժամանել հարստացնելու իրենց գիտելիքները հայոց լեզվի, հայկական երգարվեստի բնագավառներում, ի մոտո ծանոթանալու հայկական մշակույթին ու պատմությանը և զորացնելու իրենց կապը մայր հայրենիքի հետ։ 

կաթողիկոս

Հայոց Հայրապետը, իր գնահատանքը բերելով ՀԲԸՄ-ին նման նախաձեռնության համար, կարևոր նկատեց սփյուռքի երիտասարդ հայորդիների այցը Հայաստան, հատկապես այս դժվարին օրերին, որպեսզի վերջիններս հաղորդակից լինեն ոչ միայն հայրենիքի հոգևոր ու մշակութային արժեքներին, այլև երկրում տիրող իրավիճակին, Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին և առկա անվտանգային խնդիրներին։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը հորդորեց երիտասարդներին հայրենասիրական զգացումի նոր լիցքերով քաջալերված վերադառնան իրենց երկրներ և նախանձախնդրորեն ամեն ջանք ի գործ դնեն նպաստելու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։

կաթողիկոս

Հայոց Հովվապետը պատգամեց, որ հայորդիներն իրենց գիտելիքներով և երիտասարդական ավյունով աջակցեն իրենց համայնքների առավել զորացմանն ու  միասնականության կերտմանը՝ ազգային ինքնությունը պահպանելու և հայրենիքին օգտաշատ ծառայություն բերելու համար։

Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաև սփյուռքահայ երիտասարդների հարցերին, որոնք առնչվում էին հայկական համայնքներում, Արցախում և Հայաստանում առկա դժվարությունների հաղթահարման ուղիներին։

կաթողիկոս

Վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց հայորդիներին։

--00—ՅՄ