Տոյվո Կլաարը Ստեփանակերտը Խանքենդի կոչելով ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Ադրբեջանի շահերն է պաշտպանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News

Տոյվո Կլաարը Ստեփանակերտը Խանքենդի է անվանում, բայց ՀՀ ԱԳՆ-ից արձագանք չկա, փոխանակ ԵՄ ներկայացուցչին հրավիրեն ԱԳՆ, բացատրություն պահանջեն: Կլաարը էլ ո՞նց համոզի մեզ, որ ինքն Ադրբեջանի շահերը պաշտպանող եվրոպացի ներկայացուցիչ է, էլ ի՞նչ անի, որ ընդգրկենք սև ցուցակում: Գալու է ժամանակը, որ Կլաարը Հայաստանի կողմից միջազգային հետախուզման է ենթարկվելու՝ իր ակնհայտ հակահայ քաղաքականության համար: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը:

«Ո՞վ է ասել, որ ԵՄ-ն բանակցային կողմ է: ԵՄ պաշտոնյաները եկել են ու մտել մի գործընթացի մեջ, որն իրենց չի վերաբերում: Շատ սխալ էր, որ Բրյուսելը դարձրեցինք քննարկման հարթակ: Խաղաղության որևէ պայմանագիր չի ստորագրվի, եթե ՌԴ-ի ու Իրանի հավանությանը չարժանանա: Արցախի հարցում պետք չէ շտապել, Արցախի հարցի կարգավորումն այս պահին չկարգավորված լինելու մեջ է: Պետք է սպասել, մինչև տարածաշրջանում փոփոխություններ լինեն»,- ընդգծեց նա: Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին և ԱՄՆ-ի կողմից 800 մլն դոլարի ռազմական աջակցությանը և կասետային զենքերի տրամադրմանը, միջազգայնագետը նշեց, որ միաբևեռ աշխարհակարգը փլուզվում է, պետք է զգույշ լինենք, որ չմնանք փլատակների տակ:

Նրա համոզմամբ, տարածաշրջանում նոր խաղացողներ են ի հայտ գալու, Արևմուտքի ազդեցությունը սկսելու է թուլանալ: «Վաշինգտոնի կողմից Ուկրաինային կասետային ռումբերի տրամադրումը վերջին հուսահատ քայլն է, այլևս սպառազինություն չի մնացել, ԱՄՆ-ն երբեք չի ունեցել մեծ քանակությամբ տեխնիկա և ԱՄՆ-իմ ԵՄ-ի տնտեսությունը երկու տարվա կռվին պատրաստ չէր:

Ամիսուկես է՝ հակահարձակումը լուրջ արդյունք չի արձանագրել, միշտ չէ, որ գերզարգացած երկրները կարող են ռազմի դաշտում հաջողություն ունենալ: Ռազմաճակատում քաոտիկ քալերով ուզում են իրավիճակը կարգավորել, սա վտանգավոր է, եթե կասետային ռումբերով հարվածեն ՌԴ-ի ստրատեգիական նշանակության օբյեկտներին, ատոմակայանին, պատասխան հարված է լինելու, և պատերազմի մասշտաբները մեծանալու են»,- նկատեց Բալասանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ