Եթե Իրանը ռազմական գործողություններ սկսի, առաջինը հենց Ադրբեջանին է հարվածելու. միջազգայնագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

ԵՄ դիտորդական առաքելությունը չի կարող Ադրբեջանի էսկալացիայից ապահովագրել, որովհետև փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանն իր նպատակներին հասնելու համար ոչ մի բանի առաջ կանգ չի առնում: Ադրբեջանը կանգ չի առնի, անկախ նրանից 40, թե 400 դիտորդ կլինի սահմանին տեղակայված, լավ գիտի, որ ԵՄ-ն իրենից է կախված գազի մատակարարման ծավալը ավելացնելու հարցում:  Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը՝ անդրադառնալով ԵՄ երկրներից հայ-ադրբեջանական սահմանին 40 փորձագետ ուղարկելու որոշմանը: 

Բալասանյանի համոզմամբ, Եմ դիտորդական առաքելությունը հաջողված կարելի է համարել, եթե օգնի հայկական կողմին չեզոք գոտուց տղաների մարմինները դուրս հանել:

Բալասանյանի համոզմամբ, Իրանը լոկ խոսքեր չի ասում հայ-իրանական սահմանի անխախտելիության մասին, խոսվում է, որ պահապանների կորպուսի 45 հազարանոց բանակ է կենտրոնացվել Իրան-Ադրբեջան սահմանին և վտանգավոր ու անկանխատեսելի իրավիճակ կարող է ստեղծվել:

«Եթե Իրանը ռազմական գործողություններ սկսի, ապա մեծ է հավանականությունը, որ առաջինը հենց Ադրբեջանին է հարվածելու: Իրանի զորավարժությունները կարող էինք օգտագործել և Սյունիքում հայ-իրանական համատեղ զորավարժություններ անցկացնել, սա սառը ցնցուղ կլիներ Ադրբեջանի և Թուրքիայի համար:

Իրանի հետ համատեղ զորավարժությունները Թուրքիային և Ադրբեջանին ազդակ կլինեին այն մասին, որ հայ-իրանական հարաբերությունները կարող էինք բարձրացնել դաշնակցային մակարդակի, նաև ռազմատեխնիկական համագործակցության առումով»,- ընդգծեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ