Միջազգային գործընկերներից կոնկրետ քայլեր ենք ակնկալում. Ալեն Սիմոնյանը՝ Բրունո Ռըտայոյին

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24news

սս

Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոյին: «Մենք բարձր ենք գնահատում 2020 թվականից ի վեր Ձեր անձնական հանձնառությունը Հայաստանի եւ Արցախի հարցում՝ որպես ֆրանսիական ծանրակշիռ քաղաքական գործիչ եւ Ձեր ծավալած գործունեությունը՝ որպես Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր-նախագահ»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը, հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ 

Նա երախտագիտություն է հայտնել ՀՀ-ի համար կարեւորություն ունեցող հարցերում, հատկապես՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից ի վեր Սենատի կողմից արտահայտվող համերաշխության ու սկզբունքային դիրքորոշումների համար:

Բրունո Ռըտայոն նշել է, որ այս հանդիպումն իր համար առաջին հերթին լավ բարեկամների հետ շփվելու սպասված առիթ է, որը հնարավորություն կտա նորություններ իմանալ Հայաստանի եւ արցախահայության մասին: Նա հայտնել է, որ Հայաստան կատարած վերջին այցը մտահոգիչ էր. սպառնալիքի տակ են ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլեւ Հայաստանի բնակիչները: Բրունո Ռըտայոն հավելել է, որ ավտորիտարիզմն ու բռնապետությունը լուրջ հարցականի տակ են դրել ժողովրդավարության ուղով տարածաշրջանի զարգացումը:

Ի պատասխան՝ ՀՀ ԱԺ նախագահն արձագանքել է, որ ամենօրյա ռեժիմով բարձրաձայնում են միջազգային հանրությանը սրա մասին եւ մեր գործընկերներից ակնկալում  շարունակական աջակցություն ու կոնկրետ քայլեր՝ տարածաշրջանը ցնցումներից ու պատերազմից զերծ պահելու համար:

Հանդիպմանը քննարկվել է նաեւ համատեղ աշխատանքային օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ:



--00—ՍՊ