ՆԳ նախարարը ճապոնացի գործընկերների հետ քննարկել է համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

նգ

Օգոստոսի 23-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը ներկա էին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) տարածաշրջանային ղեկավար Հիրոյուկի Մորին։

Ողջունելով ներկաներին՝ նախարարը բարձր է գնահատել ճապոնացի գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը։ Նա հատկապես առանձնացրել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից տարիներ ի վեր Փրկարար ծառայությանը ցուցաբերվող աջակցությունն ու շնորհակալություն հայտնել։

Վահե Ղազարյանը նշել է նաև Հայաստանի ոստիկանության ներգրավվածությունը գործակալության կողմից իրականացվող ծրագրերում՝ մասնավորապես ընդգծելով այս տարի Ճապոնիայում կազմակերպված վերապատրաստումները կիբեռհանցավորության դեմ պայքարի ոլորտում։

Ֆուկուսիմա Մասանորին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանը Ճապոնիայի համար կարևոր գործընկեր է, և ճապոնական կողմը պատրաստակամ է շարունակելու սերտ փոխգործակցությունը։

Հիրոյուկի Մորին իր հերթին կարևորելով ձևավորված ամուր գործընկերությունը՝ խոսել է գործակալության կողմից փրկարարների և ոստիկանների վերապատրաստումների, աղետների ռիսկի կառավարման և փրկարար ծառայության մյուս ուղղություններում իրականացվող ծրագրերի մասին։

Հանդիպմանը քննարկվել են նաև ՆԳ նախարարության կազմավորման, ծառայություններում բարեփոխումների և հետագա համագործակցությանը վերաբերող այլ հարցեր։

--00--ԼՀ