Արայիկ Հարությունյանն ասաց, որ պատրաստ է հրաժարական տալ, ասում է՝ կմնամ Արցախում. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

մմ

Երեկ` օգոստոսի 28-ին, ադրբեջանական կողմը Հակարիի կամրջի մոտ տեղադրված ապօրինի անցակետից առևանգել էր արցախցի 3 երիտասարդների, նրանց հարվածել, բիրտ ուժ կիրառել: Տեղի ունեցած դեպքից ժամեր անց Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքվեցին բազմաթիվ մարդիկ և նույն պահին էլ Հայաստանում` ի նշան բողոքի, մի խումբ քաղաքացիներ փակեցին ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը հարակից փողոցը՝ պահանջելով վերադարձնել առևանգված երիտասարդներին: Արդեն ուշ երեկոյան Արցախի ԱԺ-ում տեղի էր ունեցել քաղաքական բոլոր դերակատարների մասնակցությամբ ժողով, որը տևել էր շուրջ վեց ժամ։

24News-ը զրուցել է նիստին մասնակցած Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ:

-Երեկվա 6 ժամ տևած քննարկումն ինչի՞ մասին էր և ի՞նչ արձանագրումներ կարող ենք անել:

-Երևի մի կարևոր բան, որ կարելի է առանձնացնել, այն է, որ ստացվեց Արցախում մարդկանց, որոնք անհամատեղելի էին իրար հետ, համախմբել մեկ հարկի տակ և փորձել առանց մեկը մեկին հակառակվելու խոսել, յուրաքանչյուրն իր կարծիքը արտահայտեց: Որպես այդպիսին մենք չենք կարող խոսել, որ որոշում կայացվեց, բնական է, որ նման ձևաչափով չէր կարող որոշում կայացվել, սակայն յուրաքանչյուրն իր տեսակետը հայտնեց: Այնտեղ էին և´ խորհրդարանում ներկայացված ուժերը, և´ նախկին նախագահները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Նախագահը հնչեցված կարծիքներն արձանագրում էր և չգիտեմ` իր որոշումը կայացնելուց գուցե ինքն այդ կարծիքները հաշվի կառնի: Հիմնականում ներկաների մեծ մասը փաստում էր, որ որոշում կայացնելն իշխանության գործառույթն է և այստեղ պարզապես քննարկում է գնում:

-Իսկ կարծիք արտահայտողները հիմնականում ինչի՞ն էին անդրադառնում:

-Արայիկ Հարությունյանն ի սկզբանե ներկայացրեց ստեղծված ընդհանուր իրավիճակը, որից հետո պետնախարարն արդեն խոսեց մեր ներքին կառավարման խնդիրների մասին, և բնակաբար քննարկումներն այդ ուղղություններով էր ծավալվում՝ յուրաքանչյուրն իր մտածած ելքերն էր բարձրաձայնում: Կոնկրետ Արցախի նախագահը հստակ դիրքորոշում չարտահայտեց, որովհետև ասում էր, որ ուզում է լսել, և որ որոշումն ընդհանուր լինի: Նախկին նախագահների տեսակետներն էին հիմնականում համընկնում, և կային այնպիսի մարդիկ, որոնք ասում էին բաներ, ինչն ընդունելի չէր:

-Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցն է նաև քննարկվել, հավաքվածներն ի՞նչ կարծիք ունեին:

-Որպես այդպիսին` Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջ չի եղել: Տեսակետների մեջ հնչել են նման մտքեր, որի կողմնակիցն ենք նաև մենք: Բայց մենք հիմա դերակատարի փոփոխման խնդիր ունենք: Եվ այս նիստին տարբեր ձևակերպումներով հնչեցվեց այդ տեսակետը, իսկ նախագահը հայտնեց, որ դա ևս կդիտարկի: Իր դիրքորոշումն այնպիսինն էր, որ ինքը պատրաստ է լսել է բոլորին և մեծամասնության առաջարկով շարժվել: Հիմա մնացածն ինքը պետք է քննարկի իր քաղաքական թիմի հետ և նաև որոշում կայացնի:

 

-Մամուլում վերջին ժամանակներում շատ է շրջանառվում, որ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է փախչել, անգամ իր բիզնեսներն է տեղափոխել, հարցս հետևյալնն է` երեկ տեղի ունեցած քննարկման ժամանակ նախագահի նկրտումներն անկե՞ղծ էին, թե՞ հարմար ստեղծված առիթ էր, որ և սրանով էլ պայմանավորի իր պաշտոնանկությունը և լուռ հեռանա Արցախից:

 

-Արայիկ Հարությունյանին մենք նոր չէ, որ ճանաչում ենք: Ի վերջո, նա ինչքան էլ փորձի մարդկանց հիշողությունից ջնջել և ներկայանալ որպես վերջին 3 տարիների նախագահ, բայց մենք նրան գիտենք դեռևս 2007 թվականից, երբ զբաղեցրեց վարչապետի պաշտոնը: Եվ Արայիկ Հարությունյանի այդ խորամանկությունների, բնավորության գծերի մասին ես չեմ կարծում, որ կա որևէ արցախցի որը տեղյակ չէ: Մենք վաղուց արձանագրել ենք մի փաստ, որ Արայիկ Հարությունյանը քաղաքական, ներպետական գործիչ չէ: Նա ուղղակի մարդ է, որը միշտ ձգտել է ունենալ նախագահի պաշտոն, և ունի դա: Իսկ ինչ վերաբերում է անկեղծությանը, ինչքանով որքանով, որ ես եմ իրեն ճանաչում` շատ անգամներ հավատացել եմ իր անկեղծությանը և հետո տեսել դրա տակ թաքնված կեղծիքը: Ես, օրինակ, հակված չեմ իրեն երբևէ ընկալել որպես անկեղծ մարդ: Չնայած նա միշտ փորձում է մեզ տանել դեպի զգացմունքային դաշտ, և երեկ նա մի արտահայտություն արեց, որ համենայն դեպս ինձ վրա չէր կարող ազդեցություն թողնել: Նա ասաց` պատրաստ է հրաժարական տալ, նույնիսկ հրաժարական տալու պարագայում չի պատրաստվում հրաժարվել իր քաղաքացիական պարտավորություններից, այսինքն իբրև թե ակնարկում էր, որ փախչելու մասին խոսք չի կարող գնալ: Եվ, որ ինքը շարունակելու է իր մարտիկի գործունեությունը` այդպես է դիրքավորվելու:

 

Մերի Մանուկյան

--00—ԱՊ