Զելենսկին պաշտոնից ազատել է պաշտպանության նախարար Ռեզնիկովին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

զ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնից հեռացրել է երկրի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովին։ Նրա տեղը կզբաղեցնի Պետական գույքի հիմնադրամի ղեկավար Ռուստեմ Ումերովը, եթե նրա թեկնածությունը հաստատի Գերագույն ռադան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զելենսկին սեպտեմբերի 3-ի երեկոյան տեսաուղերձի ժամանակ իր որոշումը պատճառաբանել է նոր մոտեցումների անհրաժեշտությամբ։

«Ալեքսեյ Ռեզնիկովն անցել է լայնածավալ պատերազմի ավելի քան 550 օրվա միջով։ Կարծում եմ, որ նախարարությանն անհրաժեշտ են նոր մոտեցումներ և փոխգործակցության այլ ձևաչափեր ինչպես զինվորականների, այնպես էլ, ընդհանուր առմամբ, հանրության հետ», - ասել է Ուկրաինայի նախագահը։

Նա հույս է հայտնել, որ Գերագույն ռադան կհաստատի Ումերովի թեկնածությունը։

«Այժմ նախարարությունը պետք է գլխավորի Ռուստեմ Ումերովը։ Ուկրաինայի Գերագույն ռադան լավ է ճանաչում այս մարդուն, և պարոն Ումերովին լրացուցիչ ներկայացնելու կարիք չկա։ Ակնկալում եմ, որ խորհրդարանը կպաշտպանի այս թեկնածությունը։ Աշունն ամրապնդվելու ժամանակն է», - ասել է Զելենսկին։

41-ամյա Ումերովը տնտեսագետի կրթություն ունի, նա աշխատել է հեռուստահաղորդակցության և ներդրումային բիզնեսում, նաև աշխատել է Ղրիմի թաթար ժողովրդի Մեջլիսում։ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից հետո Ումերովը մտել է Ռուսաստանի հետ բանակցություններով զբաղվող ուկրաինական պատվիրակության կազմի մեջ, զբաղվել է ռազմագերիների փոխանակմամբ։

--00—ԼՀ