Մարտունին կյանքի գնով պաշտպանած քաղաքապետը. նրան զոհվելուց 9 օր անց հուղարկավորեցին Եռաբլուրում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Հավերժ կանգուն մնաս, իմ Մարտունի, հավետ մնաս քո զավակների ապագայի հանդեպ վստահության երաշխիք: Սա իր հերոսական քաղաքին ու ժողովրդին վերջին շնորհավորանքն էր, քաղաքը կյանքով պահած քաղաքապետի՝ Ազնավուր Սաղյանի: Նա գնաց՝ չիմանալով անգամ, որ իրենից հետո ընկավ նաև Մարտունաբերդը՝ Մարտունին։ Այսօր՝ զոհվելուց 9 օր անց, Եռաբլուր զինվորական պանթեոնում վերջին հրաժեշտը տվեցին հանուն հայրենիքի մարտիրոսված Ազնավուր Սաղյանին։

Ազնավուրը 44-օրյա պատերազմի մասնակից է եղել ու պատերազմից անմիջապես հետո ընտրվել քաղաքապետ և լծվել քաղաքը պատերազմի հետքերից մաքրելու ու վերականգնելու գործին։ Պատերազմից երեք տարի անց թշնամին կրկին ռազմական գործողություններ սանձազերծեց ու Ազնավուրը նորից հանձն առավ հայրենիքը պաշտպանելու նվիրական ու վեհ առաքելությանն ու իր ջոկատի հետ 10 ժամ անդադար կռիվ տվեց Մարտունու դիրքերում՝ պաշտպանելով քաղաքը։ Միայն տղաների զոհվելուց հետո է թշնամուն հաջողվել մտնել ու գրավել դիրքը։ Ազնավուրի հայրը՝ Վարուժան Սաղյանն էլ 90-ականների պատերազմին է մասնակցել ու զոհվել հայրենիքի համար մղվող պայքարում, հոր ճանապարհով գնաց նաև որդին՝ սկզբունքային, համեստ ու անձնանվեր երիտասարդը, ում գաղափարները միտված էին հանուն ազգային շահի։

Մանրամասները՝ 24News-ի ռեպորտաժում:

 

--00—ԱՊ