«Դասալիք» պատգամավորներին կպատժեն․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

դ

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է պատժել ՔՊ այն 11 պատգամավորներին, որոնք նախօրեին չեն մասնակցել Հռոմի ստատուտի քվեարկությանը: Թե ինչ պատժի մասին է խոսքը, մեր աղբյուրները չգիտեն՝ վստահեցում են, որ Փաշինյանը դրա բոլոր ձեւերին լավ է տիրապետում։ Բանն այն է, որ խորհրդարանական աշխատանքները սկսելուց մեկ օր առաջ ՔՊ ֆրակցիայի նիստում հատուկ հրահանգվել է, որ Հռոմի ստատուտը վավերացնելը քաղաքական որոշում է, եւ այն պետք է անեն մեկ մարդու պես: Անգամ քննարկում է ծավալվել, որ հնարավոր է՝ որոշ պատգամավորներ այդ օրը «հիվանդանան» եւ նիստին չգան, սակայն եկել են մոտավորապես հետեւյալ «իտոգին», որ եթե մահամերձ չեն, ապա պարտավոր են ներկայանալ։

Մենք տեղեկացանք, որ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը քվեարկությունից հետո հերթով բացատրություններ է պահանջել, ՔՊ-ականների բնորոշմամբ՝ «դասալիք» պատգամավորներից: Թե ով ինչու չի եկել քվեարկության, բոլոր արդարացումները զեկուցվել են Նիկոլ Փաշինյանին, ով էլ առաջիկայում կորոշի՝ ում ինչպես պատժել։ ՔՊ-ում հատկապես տրամադրված են ճամբարափոխ Սերգեյ Բագրատյանի եւ Շիրակ Թորոսյանի դեմ, երեկվանից հումորներ են անում, թե ճամբարափոխները, հավանաբար, իշխանափոխության հոտ են առել` այլեւս չեն կատարում հրահանգները։

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ