Ուկրաինայում առաջարկվող օրենքը կարող է խաթարել Ուղղափառ Եկեղեցու միասնությունը. Վեհափառ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Հայրապետ

Ուկրաինայի Ռադայի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրինագիծը, որը հնարավորություն կարող է ստեղծել արգելել Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու գործունեությունը Ուկրաինայի տարածքում, կարող է խաթարել Ուղղափառ Եկեղեցու անդաստանում հոգևոր կյանքի միասնությունը ու ներդաշնակությունը։ Այս մասին ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում նշել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

«Մտահոգությամբ տեղեկացանք Ուկրաինայի Գերագույն Ռադայում վերջերս քննարկած օրենքի նախաձեռնության մասին։ Կրոնական կազմակերպությունների գործունեության առնչությամբ օրինագիծն իր դրույթներով նոր անցանկալի տրամադրություններ պիտի ձևավորի հավատացելոց միջավայրում և պատճառ դառնա Քրիստոսի Եկեղեցու ավանդական և նվիրագործված եկեղեցա-իրավական կանոնների անտեսման, ինչպես և Ուղղափառ Եկեղեցու անդաստանում հոգևոր կյանքի միասնության ու ներդաշնակության խաթարման», - նշել է Հայոց հոգևոր առաջնորդը։

Վեհափառը հույս է հայտնել, որ «Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորներն այս նուրբ հարցում կառաջնորդվեն և կգործեն հավատքի սրբության, հավատակից ժողովուրդների հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության գիտակցությամբ և Եկեղեցու դարավոր ավանդույթների հանդեպ հարգանքով»։

«Մեր խորին համոզմամբ, հատկապես դժվարին այս փորձությունների շրջանում հարկ է Եկեղեցին զերծ պահել քաղաքական գործընթացներից և կրոնական գործոնն առիթ չդարձնել շահարկումների ու հակառակությունների սերմանման։ Մեր հանապազ աղոթքն է, որ դադարի հակամարտությունը պատմական ամենասերտ կապերով միմյանց հետ շաղկապված մեզ բարեկամ երկու ժողովուրդների միջև և նրանց կյանքում իբրև համերաշխության ու խաղաղության հաստատման կամուրջ գերակայեն դավանվող համընդհանուր արժեքներն ու հավատը», - հավելել է Կաթողիկոսը։

 

--00—ԱՊ