Արևմուտքը Փաշինյանի դեմ դուրս կգա, եթե ՌԴ-ին հանձնվի Սյունիքի կոմունիկացիաների հսկողությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

Հայաստանի համար վտանգավոր է առանց միջնորդի բանակցությունը։ Բաքվի հետևում կանգնած է Անկարան, ով  քաղաքական, տնտեսական, ռազմական առումով աջակցում է նրանց, Հայաստանը միայնակ է մնալու, ինչպես եղավ Արցախի դեպքում։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ անդրադառնալով Բաքվի առաջարկին, որ սահմանին առանց միջնորդների հանդիպում տեղի ունենա։

Քաղաքագետը կարևորեց այն հանգամանքը, որ Ադրբեջանը համաձայնվեց բանակցությունների գնալ, երբ Մեծ Բրիտանիայի կառավարության անդամներից Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին այցելեց տարաշածրջան՝ Վրաստան, Ադրբեջան, Հայաստան։

Նրա խոսքով, Մեծ Բրիտանիան մի կողմից դիրքավորվել է այնպես, որ իբրև Հայաստան-Ադրբեջան բանակցություններում չկա, մյուս կողմից՝ հանդիսանում է Ադրբեջանի ֆունդամենտալ գործիքներից մեկը, որի միջոցով իր շահերը տարածաշրջանում սպասարկվում է։

Անդրադառնալով ՀԱՊԿ գագաթնաժողովին՝ Փաշինյանի և ԱԳ, ՊՆ նախարարների չմասնակցելու որոշմանը, Մաթևոսյանը նկատեց, որ չգնալու խնդիրը ոչ թե ՌԴ-ից հիասթափությունն է, այլ այն, որ եթե կոմունիկացիաները հանձնվեն ՌԴ-ին, Փաշինյանը այլևս Արևմուտքի աջակցությունը չի վայելի և դրանից բխող հետևանքներ կլինեն։

«Արևմուտքը դեմ չի լինի, որ Թուրիքան վերահսկի այդ ճանապարհը, բայց ոչ երբեք ՌԴ-ն։ Եթե Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք վերահսկողությունը հանձնվի ՌԴ-ին, Արևմուտքը գործընթացներ կանի Փաշինյանի դեմ։

Արևմուտքը պատմական շանս ունի Հայաստանի ձեռքով ոչնչացնել Հայաստանի անվտանգային համակարգը, նպատակ կա ՌԴ-ին դուրս մղել, եթե դրա համար անհրաժեշտ է, որ Արցախը ընկնի, պետք է ընկնի, եթե անհրաժեշտ է, որ Հայաստանը ընկնի կամ Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական դաշինքի անդամ լինի, դա էլ կանեն` սուրը ուղղելով նաև Իրանի դեմ»,-ավելացրեց Մաթևոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

--00—ՅՄ