Գորիսի ոստիկանները կանխել են սիգի վաճառքը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային տեսուչները Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի աշխատակիցների հետ համատեղ իրականացրած շրջագայության ընթացքում Գորիսի Անկախության և Գուսան Աշոտի փողոցների խաչմերուկում նկատել են, որ «ՎԱԶ-21093» մակնիշի մեքենայում ձուկ են վաճառում: Հայտնաբերվել է 31 սիգ` ընդհանուր մոտ 10 կիլոգրամ:
Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ վարորդը հայտնել է, որ ձկները ձեռք է բերել Գավառում` վերավաճառելու նպատակով:
Ձկներն առգրավվել են: Դրանցից երեքն ուղարկվել են փորձաքննության, մնացածը փաթեթավորվել, կնքվել ու տեղավորվել են սառնարանում:
Կրկին հորդորում ենք` զերծ մնալ սիգ ձկան որսից ու վաճառքից: Ձվադրման այս շրջանում սիգի որսն արգելված է, և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում նման զանցանքների համար նախատեսված են տուգանքներ: Սակայն նպատակը պատժելը չէ, այլ այն, որ ձկնատեսակը բնականոն վերարտադրվի, այլ կերպ ասած` որ վաղն էլ Սևանում որսալու ձուկ լինի:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00--ԼՀ