Հայաստանը կրթական տարբեր մակարդակներում բարեփոխումների փուլում է գտնվում. ԿԳՄՍ նախարարի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

b1b75bf1410fb1d5f2af11f3dff9431e

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Կրթության միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես նշված է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևով հունվարի 24-ը հռչակվել է Կրթության միջազգային օր՝ ի նշանավորումն համաշխարհային խաղաղության և կայուն զարգացման ապահովման գործում կրթության դերի։ Կարծում եմ՝ այս գաղափարն ավելի քան արդիական է, և այն մղում է ավելի մեծ ջանքերով ամրապնդել կրթության հիմքերը, արժևորել դրա դերն ու հիմնարար նշանակությունը հասարակությունների և պետությունների զարգացման, ներդաշնակ հարաբերությունների ձևավորման և կայացման գործում։

Հայաստանի Հանրապետությունը կրթական տարբեր մակարդակներում բարեփոխումների փուլում է գտնվում, և մենք արդեն հասցրել ենք արձանագրել մեր առաջին հաջողությունները, որոնք բազմապատկվելու են շարունակական աշխատանքի, միասնականության և համառ ջանքերի շնորհիվ։ Մենք հավատում ենք, որ այսօրվա համախումբ աշխատանքը վաղվա բարեկեցության, իրավագիտակից հանրության, կայուն զարգացման գրավականն է։

Մենք հանրապետության բոլոր դպրոցներում փուլային եղանակով ներդրել ենք հանրակրթության նոր չափորոշիչը` որակյալ կրթություն ապահովելու տեսլականով, ակտիվ աշխատանքներ ենք տանում «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման ուղղությամբ` միջազգային չափանիշներին համահունչ բուհական համակարգ և ենթակառուցվածքներ ունենալու նպատակով:

Հենց այսօր` Կրթության միջազգային օրը, Ազգային ժողովում օրենսդիր գործընկերների հետ համատեղ լսումներ ենք իրականացնում «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ:

Նախորդ տարի՝ բարեփոխումներին զուգահեռ, մենք կարողացանք առանց համակարգային շեղումների ապահովել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության իրավունքի շարունակականությունը։ Դեռ բազում անելիքներ կան այս ուղղությամբ, և երկար ճանապարհ ունենք անցնելու»:

--00—ՅՄ