Պետական օպերատորի ստեղծումը շատ վտանգավոր գաղափար է, գլորվում ենք հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Կառավարության նիստում աղբահանության խնդրի քննարկման ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է աղբահանության խնդրի կարգավորման նպատակով պետական հիմնարկ ստեղծելու գաղափարին:

«Գնեցինք մեքենաներ, հետո էդ մեքենաների բազայի վրա ստեղծելու ենք պետական հիմնարկ, որը աղբահանություն է իրականացնո՞ւմ: Շատ վտանգավոր գաղափար է, հաստատ ավելի վատ է աշխատելու, կարող եմ հենց հիմա երդվել», - ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Դեռ պետք չէ երդվել, ես ստիպված կլինեմ ըստ դրա շարժվել», - կատակել է Հայկ Մարությանը:

Քաղաքապետն արձագանքել է, թե ուսումնասիրություն են իրականացրել, ու այսօր եվրոպական բոլոր ընկերությունները հետ են վերադառնում այն մոդելին, որ համայնքը եւ պետությունը կոնկրետ տրասնպորտն ու աղբահանությունը վերցնում են իրենց վրա:

«Հիմա հասկացան, որ մասնավորը հետապնդում է միայն շահույթ, իսկ ժողովրդի խնդիրներն իրենց չեն հետաքրքրում: Նույն տրանսպորտի ոլորտում, այնպես են անում, որ մեծ մասը, 50 տոկոսից ավելին լինի պետությունը: Պրահայում այդ հարաբերակցությունը 70/30 է, հոգուտ պետականի: Անգլիայում 100 տոկոսն է պետությունն իրականացնում: Նույնը աղբահանության ոլորտում է: Մասնավորը կարող է ասել՝ լավ, չստացվեց, ու գնա տուն, իսկ համայնքը, պետությունը չի կարող գնալ տուն»,-ասել է Մարությանը, ապա նշել, որ եթե աղբահանությունը 100 տոկոսով տաս մասնավորին, մեկ շաբաթում նա կարող է ծնկի իջեցնել ոլորտը։

«Դրա համար նախատեսում ենք, որ պետք է լինի համայնքային մասնակցությունը 70 տոկոսի չափով: Նույնը տրանսպորտի հարցում ենք պատկերացնում: Մենք չենք կարող թույլ տալ, որ մեզ հետ խոսեն սաբոտաժի լեզվով: Միշտ համայնքը պետք է վերահսկի իրավիճակը»,-ասել է Մարությանը:

Մհեր Գրիգորյանն էլ հակադարձել է. «Ես մեկ օպերատորից վախ չունեմ, որովհետեւ մեր գազ, հոսանք մատակարորղն էլ է մեկ օպերատոր: Հարցն այն է, թե հարաբերությունները ոնց են կարգավորվում: Դեմ եմ, որ պետական հիմնարկ, առավել եւս պետական օպերատոր ստեղծվի: Մենք գլորվում ենք հետ»:

Մարությանը չի համաձայնեց այս տեսակետի հետ: