Փաշինյանը կասեցրել է Սանասարյանի պաշտոնավարումը, բայց պաշտոնանկ չի արել․ վարչապետի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

Դավիթ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավարարել է քննիչի՝ ապրիլի 18-ին կայացված որոշումը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։ Լուրը 24News-ի հետ զրույցում հաստատեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապահովել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի երկրորդ բաժնի պետ, մայոր Ս. Ոսկանյանին 2019 թվականի ապրիլի 18-ի՝ «Մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին» որոշման կատարումը», - նշեց Վլադիմիր Կարապետյանը։

Ըստ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի՝ Փաշինյանը չի պատրաստվում պաշտոնանկ անել Սանասարյանին․նա հարգում է անմեղության կանխավարկածը։

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՎԾ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու և օգտագործելու դեպքերի առթիվ 2019 թվականի փետրվարի 20-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2019 թվականի ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: