Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված․ 5 ՔՊ-ական տուժող է ճանաչվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

ի

Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, բավարարել է Գագիկ Սարգսյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին միջնորդությունը։

Հիշեցնենք, որ մարտի 13-ին ԱԱԾ հատուկջոկատայինները ներխուժել են Գագիկ Սարգսյանի տուն, և, ինչպես հայտնել է նրա որդին, խուզարկել են տունը, տակնուվրա արել ամբողջությամբ, ապա՝ ձերբակալել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գագիկ Սարգսյանը ձերբակալվել է «ՔՊ»-ական Գագիկ Մելքոնյանի և ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ նյութերի հայտնաբերման դեպքով, որը ՔԿ-ն որակել է որպես ահաբեկչական գործողություն։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ, մարտի 14-ին մասնակի բավարարել է Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը՝ թույլատրելով կալանավորումը մեկ ամսով։ Այդ գործով հետապնդում է իրականացվում ևս երեք անձի նկատմամբ, որոնցից երկուսը կրկին կալանավորված են։ ՔԿ-ն հայտնել է ևս մեկի անձի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին։

Հատկանշական է, որ Գագիկ Սարգսյանի կալանավորման վերաբերյալ միջնորդությունն առաջին ատյանի դատարանն, ի սկզբանե, բավարարել էր մասամբ՝Սարգսյանին կալանավորելով մեկ ամիս ժամկետով, սակայն երկարացման միջնորդությունը բավարարվել է ամբողջությամբ։ Փաստաբան Մկրտիչ Դավթյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ դեռևս չի ստացել դատարանի որոշումը, միևնույն ժամանակ, արձանագրեց, որ միջնորդությանը կից ապացույցները որևէ կերպ չէր կարող հիմք հանդիսանալ կալանքի ժամկետը երկարացնելու, առավել ևս՝ երկու ամիս ժամկետով։

«Նույն ապացույցներն են, որոնք ներկայացվել են առաջին միջնորդության մեջ, բացառությամբ՝ իրենց թվարկած 7-8 ապացույցների, որոնցից երկուսն այդպես էլ չներկայացրեց քննիչը դատարան, թեև ցանկում նշել էր։ Թեև 10 րոպե ընդմիջում էր հայտարարվել՝ դրանք ներկայացնելու համար, բայց քննիչը չի ներկայացրել այդ ապացույցները, ներկայացրել է այլ ապացույցներ, որ ապրիլի 6-ին Գագիկ Սարգսյանի տանից առգրավված համակարգիչները, ֆլեշկաները զննության ենթարկելու համար դիմել է դատարան, մինչդեռ, դա նրա տիրապետության տակ էր հայտնվել մարտի 13-ին»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ այդ կարևորագույն ապացույցներից մեկն էր, որը պետք է անմիջապես ուղարկվեր փորձաքննության, ինչպես՝ փորձաքննության էր ուղարկվել ենթադրյալ պայթուցիկները, դրա մասերը՝ անմիջապես հետո։ Ըստ փաստաբանի՝ դա խոսում է ոչ թե քննիչի ջանասիրության, այլ՝ անգործության մասին, իսկ ավելի ճիշտ՝ իրենք արդեն հետազոտել էին այդ նյութերը, տեսել, որ ոչինչ չկա, ուստի, նպատակահարմար չի եղել ավելի շուտ ուղարկելու, քանի որ կունենային ապացույցներ այն մասին, որ առգրավված համակարգչում չկան նման փաստեր, ինչը կթուլացներ մեղադրանքը։ Փաստաբանի դիտարկմամբ՝ որևէ ապացույց չի մատնանշվել, որով կհիմնավորվեր, թե Գագիկ Սարգսյանը որևէ առնչություն ունի դեպքին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ