Դիմում են Վեհափառին՝ Ցեղասպանությունից փրկված ձեռագիրը պահել Մայր Աթոռում․ ինչպես փրկվեցին ձեռագրերը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

gg

ՁԵՌԱԳՐԵՐԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Հայտնի է, որ 1915 թ. հայոց ձեռագրերն ուրույն պատմություններով են անցել իրենց փրկության ուղին: Դրանցից մեկը Լիմ մենաստանի վանահայր Հովհաննես վարդապետ Հյուսյանի նախաձեռնմամբ Վասպուրականից ձեռագրերի փրկության և Սուրբ Էջմիածին տեղափոխման առաքելությունն էր։

Ապրիլյան կոտորածի օրերին Հովհաննես վանահայրը հոգում էր թե՛ վանքի շեն մնալու, թե՛ ձեռագրերի և թանկարժեք սպասքի պահպանման, թե՛ հազարավոր անմեղ հայերին Լիմում ապաստան տալու և մահից փրկելու խնդիրները։ Լիմ կղզում նա կազմակերպել էր պաշտպանություն, որի արդյունքում նավերով կղզի էին հասել և փրկվել շուրջ 12 հազար մարդ՝ այնտեղ մնալով մինչև մայիս ամիսը, երբ հայ կամավորական խմբերը և ռուսական զորքերը մտան Վասպուրական։ Հուլիս ամսին ռուսական զորքերի ժամանակավոր նահանջը ստիպեց կոտորածից ողջ մնացած հայությանը բռնել գաղթի ճանապարհը։

Հուլիսյան մեծ գաղթի ժամանակ Արևելյան Հայաստան գնացող ժողովրդի հետ Հովհաննես վանահայրը և Կտուց մենաստանի միաբան Ստեփան վարդապետը Սուրբ Էջմիածին են տանում ձեռագրերի առաջին խմբաքանակը։ Այդ գրչագրերից 17 ընտիր նմուշներ ներկայացնելով Գևորգ Ե. կաթողիկոսին՝ Հովհաննես վանահայրը դիմում է Վեհափառին՝ խնդրելով Վասպուրականից բերված ձեռագրերը պահել Մայր Աթոռում։ Նա ստանում է հայրապետի օրհնությունը վերադառնալու Վասպուրական` ձեռագրերը և սրբազան սպասքը փրկելու նպատակով։

1915 թ. օգոստոսին ռուսական զորքերի և հայ կամավորների առաջխաղացումը հնարավորություն է ստեղծում հայության համար վերադառնալ Վասպուրական։ Վեհափառի ցուցումով Հովհաննես վարդապետը, Ստեփան վարդապետը, Աղթամարի վանքի միաբան Դանիել վարդապետ Զադոյանը և Թիֆլիսի Կովկասյան թանգարանից նրանց միացած հնագետ, պատմաբան Սմբատ Տեր-Ավետիսյանը հավաքում են Աղթամար, Լիմ և Կտուց կղզիներում մնացած ձեռագրերը, Վարագավանքում գտնվածները, Վանի եկեղեցիներում պահպանվածները և 1916 թ. հունվարին Հովհաննես վրդ. Հյուսյանի գլխավորությամբ բերում Սուրբ Էջմիածին։

Մայիս ամսին Հովհաննես վարդապետը Վասպուրականի տարբեր վայրերից գտած ևս մի խումբ ձեռագրեր է ուղարկում Սուրբ Էջմիածին։

Այսպես, 1915-1916 թթ. փրկվում է շուրջ 1440 միավոր։ Այս մեծ հավաքածուին ավելանում են նաև գաղթականների բերած սակավաթիվ մատյանները :

Մատենադարանում այժմ պահվում է Մեծ եղեռնի ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր։

--00—ՍՊ