71-ամյա տղամարդն Արմավիրի ջերմոցում «կանեփ» տեսակի թմրամիջոց է աճեցրել

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 21, 24News

կանեփ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է շրջանառությունն արգելված առանձնապես խոշոր չափերի՝ թունավոր նյութեր պարունակող բույսեր աճեցնելու և առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք բերելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի բնակչին։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի բնակիչը՝ ծնված 1948 թ., 2018 թվականի ամռանը իր տան հարակից այգում գտնվող ջերմոցում, ցանել, խնամել և աճեցրել է շրջանառությունն արգելված «կանեփ» տեսակի՝ 13 500 գրամ զանգվածով  առանձնապես խոշոր չափերի 127 բույս:

Բացի դրանից՝ 71-ամյա տղամարդը իր աճեցրած կանեփի բույսից առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար ձեռք է բերել զգալի չափի՝ 1950 գրամ ընդհանուր զանգվածով «կանեփ» տեսակի թմրամիջոց և ապօրինի պահել ջերմոցի ձախակողմյան հատվածում՝ խոտերի վրա:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ Արմավիրի մարզի 71-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 268-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: