Էջմիածնում խնդիրը ոչ թե ջրի պակասն է, այլ բնակիչների ապօրինի միջամտությունը․ «Վեոլիա Ջուր»

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 21, 24News

1

Օրերս Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի մի խումբ բնակիչներ հրապարակավ իրենց դժգոհությունն էին արտահայտել տարածքում անբավարար ջրամատակարարումից: Այդ կապակցությամբ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ հանրային կապերի բաժինը պարզաբանում է տարածել։

Թաղամասում ջրամատակարարման գործող գրաֆիկի խախտման մասին հայտնի է դարձել միայն նշված դեպքից. մինչ այդ բնակիչներից որևէ ահազանգ ընկերության «Թեժ գծում» չի գրանցվել, գրավոր բողոքներ ևս չեն ստացվել: Հետևաբար, այս պարագայում ոչ մի խոսք չի կարող լինել օպերատորի ուշ արձագանքի մասին:

Վթարային ծառայությունն անմիջապես մեկնել է դեպքի վայր՝ խնդիրը պարզելու նպատակով: Իրականացված ուսումնասիրությամբ տարածքի բաշխիչ ցանցում վթար կամ տեխնիկական խնդիր չի հայտնաբերվել, ջրի քանակը նույնպես եղել է միանգամայն բավարար: Փոխարենը «Զվարթնոցի»՝ դեպի այդ խնդրահարույց տարածք ձգվող ջրագծի փականներից երկուսի վրա հայտնաբերվել է բացվածքի խախտում: Ասել է թե՝ արտաքին միջամտություն՝ ջրի հոսքը մեկ այլ ուղղությամբ ավելացնելու նպատակով: Ցավոք, մեզանում բնակիչների կողմից փականային համակարգին ապօրինի միջամտության դեպքերը քիչ չեն, ինչը հանգեցնում է ջրամատակարարման ռեժիմի խախտմանը, ինչպես մեր դեպքում: Սակայն տվյալ միջամտության շարժառիթն ընդհանրապես անհասկանալի է, քանի որ տարածքի և ոչ մի հասցեից անբավարար ջրաքանակի վերաբերյալ բողոքներ չկան:

Ինչևէ, «Վեոլիա Ջրի» կողմից ձեռնարկված միջոցների շնորհիվ փականները կարճ ժամանակամիջոցում կարգի են բերվել, և Զվարթնոցում ներկայումս ջրամատակարարումն իրականացվում է գրաֆիկի համաձայն:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս