Ստորագրահավաքը պատրաստ էր, հայտարարության տեքստը կար, սակայն արտահերթ նիստ չի գումարվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 22, 24News

Մարուքյան

Ազգային ժողովի խորհուրդն այսօր՝ մայիսի 22–ին մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ միջնորդությունը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Հարցն, ըստ էության, մնաց օդում կախված, արտահերթ նիստ չի գումարվի։ Ավելի վատ ավանդույթներ են ամրագրվում։ Ստորագրահավաքը պատրաստ էր, հայտարարության տեքստը կար, սակայն չենք կարողանում նիստ գումարել»,–ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ խորհրդի նիստի ընթացքում «Իմ քայլի» պատգամավորների կողմից  կարծիքներ հնչեցին, որ պատգամավորների մեծ մասն այդ օրը եղել է դատարանների մուտքերի մոտ՝ ժողովրդի հետ հետևաբար իմաստ չունի նման նիստ գումարել»

Նշենք որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանն այս օրերին հաջողվել է արտահերթ նիստ հրավիրելու համար հավաքել 36 պատգամավորի ստորագրություն: ԼՀԿ-ի՝ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը միացել էին նաև ԲՀԿ–ական պատգամավորները։

Հիշեցնենք, որ ԼՀ խմբակցությունը մայիսի 20–ին առաջարկել էր արտահերթ նիստ հրավիրել և քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը։

 «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, սակայն, նշել էր, ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ԼՀԿ–ի նախաձեռնության մեջ որոշ ձեւակերպումների հետ կապված խնդիրներ կան։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս