Իշխանական թևի պատգամավորները փորձում են նվազեցնել ԱԺ-ի սահմանադրական դերը․ Մարուքյան

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 22, 24News

1

«Իմ քայլ»-ի պատգամավորները մտածում են, որ եթե հիմա քիչ խոսեն դատարանների մուտքերն ու ելքերը փակելու մասին, սահմանադրական խախտումը կանցնի, կգնա։ Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱԺ խորհրդի կողմից ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ ԼՀԿ-ի միջնորդությունը մերժելուն։

Մարուքյանը կարծում է՝ այս քայլով իշխանական թևի պատգամավորները փորձում են նվազեցնել Ազգային ժողովի սահմանադրական դերը։

«Եթե երկրում հրատապ մի բան է լինում, ուշացած արձագանքն ո՞ւմ է պետք », - ասել է պատգամավորը և միաժամանակ նշել, որ հնարավոր է՝ իրենք առաջարկեն ԱԺ արտահերթ նիստ գումարել նստաշրջանի ավարտին՝ մայիսի 30–ին։

«Կդիտարկենք՝ իմաստ ունի՞ այդ օրը արտահերթ նիստ գումարել, թե՞՝ ոչ»,–ասել է Մարուքյանը։

Անդրադառնալով վարչապետի կոչին, թե պետք է հրաժարական տան նաև այն դատավորները, որոնք իրենց անաչառ չեն համարում, Մարուքյանն ասել է.

«Հայտարարությունից հետո երկու օր է անցել, բայց որևէ դատավոր այդ հիմքով հրաժարական չի տվել, եթե իրատեսական լիներ, կտային»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԼՀ խմբակցությունը մայիսի 20–ին առաջարկել էր արտահերթ նիստ հրավիրել և քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով ՀՀ-ում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների հնարավորության, հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու՝ ԼՀԿ-ի նախաձեռնության որոշ ձևակերպումների հետ կապված խնդիրներ կան։