22 տնտեսավարողներ խախտել են «Լեզվի մասին» օրենքը․ Լեզվի կոմիտեն դիմել է դատարան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

1

«Լեզվի մասին» օրենքը խախտելու համար 22 տնտեսավարողների նկատմամբ վարույթ է հարուցվել: Այս մասին ասուլիսում նշեց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:

«Ասում էինք, որ կոմիտեն դատարաններին չի դիմելու, հորդորելու ենք, կոչ ենք անելու, որ տնտեսավարողները շտկեն լեզվի հետ կապված խախտումները, սակայն տեսանք, որ հորդորները ոչ բոլոր դեպքերում են աշխատում: Եվ մենք դիմեցինք վարույթ հարուցելու տարբերակին: Առիթից օգտվելով՝ մենք հորդորում ենք տնտեսավարողներին ուղղել, շտկել ցուցանակները, գովազդը, որ հետո դժգոհություն չլինի»,-ասաց Դավիթ Գյուրջինյանը:

Դավիթ Գյուրջինյանը տեղեկացրեց, որ նշված 22 գործերը վարչական դատարանում են: Նրանք, ովքեր հայերենի շահը ոտնահարել են, կենթարկվեն պատասխանատվության:

«Տնտեսավորողների մոտ մեզ հանդիպած խնդիրներից առաջինն այն է, որ հայերեն գրառումն ընդհանրապես բացակայում է: Հիմնականում օտարալեզու գրառումներ են: Մենք կոչ ենք անում տնտեսավարողներին վերանայել մոտեցումնը հայերենի նկատմամբ, այլապես ստիպված կլինեն 250 հազար դրամն «աչքի առաջ ունենալ»: Վարչական իրավախախտումների մասին օրենքն է այդքան սահմանում»,-ասաց Դավիթ Գյուրջինյանը: