ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News
Արդեն 11-րդ անգամ Ախթալայում օգոստոսի 18-ին կկազմակերպվի ավանդույթ դարձած Խորովածի փառատոնը: Ծրագիրն իրականացնողը՝ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը, «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ փառատոնը մեծ հետաքրքրություն ունի նաև Հայաստանից դուրս:
«Բելառուսից, Ռուսաստանից, Վրաստանից մասնակցություն ենք ունենալու: Արդեն տեղեկացրել են, որ տուր փաթեթներ են վաճառել դեպի Հայաստան հենց Խորովածի փառատոնին ներկա գտնվելու համար»,-ասել է Սեդրակ Մամուլյանը:
Ավանդական տաղավարներով հայկական խորովածի մշակույթը ներկայացնելուց բացի՝ անցկացվելու է նաև մրցույթ՝ «Լավագույն համ», «Լավագույն տեսք», «Լավագույն մտահաղացում» անվանակարգերում։ Լինելու է նաև «Գրան պրի»:
Տարածաշրջանի բնակիչները, տարածաշրջանի համայնքները, Ախթալայի քաղաքապետարանը լրջորեն շահագրգռված են փառատոնով, քանի որ այն նպաստում է զբոսաշրջիկների թվի ավելացմանը։
«Եթե նայենք 10 տարի առաջ Լոռու մարզի Ախթալա քաղաքի ենթակառուցվածքներն ու հիմա, ապա զգալի տարբերություն է նկատվում»,-ասել է Մամուլյանը: