Գագիկ Խաչատրյան-միլիարդատերը․ ի՞նչ ունեցվածք ունի նախկին պաշտոնյան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

Գագիկ

ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն իր պաշտոնավարման տարիներին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրում մինչև նախարար դառնալը ներկայացրել է միայն դրամական միջոցները՝ 272 մլն դրամ և 2.972.000 դոլար: Ո՛չ  անշարժ, ո՛չ շարժական, ո՛չ որևէ գույք ՊԵԿ նախագահ եղած տարիներին նա չի հայտարարագրել։

Միայն նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո նախկին պաշտոնյան հայտարարագրում է 5 բազմամյա տնկի, տնտեսական շինություններով անհատական բնակելի տուն, 2 բնակարան բազմաբնակարան շենքում:

Այժմ այն մասին, թե ինչ ունեցվածք ունի Գագիկ Խաչատրյանը ոչ պաշտոնապես, ինչի մասին տարիներ շարունակ գրել և գրում է մամուլը։

Այսպիսով, համաձայն մամուլում հրապարակված տեղեկության՝ Գագիկ Խաչատրյանին են պատկանում «Մեգաֆուդ», «Մեգակոնցեռն», «Մեգամոթորս», «Մեգասպորտ», «Ալյանս տերմինալ» ընկերությունները։ Նախկին պաշտոնյային են պատկանում նաև Եղվարդից Երևան եկող 269 համարի երթուղին և «Անի» տաքսի ծառայությունը, Եղվարդի մոտակայքում գործող կաթնամթերք, այդ թվում՝ պաղպաղակ արտադրող «Անի» ընկերությունը։ Եղվարդում Գագիկ Խաչատրյանն ունի նաև ջերմոցներ:

Նախկին պաշտոնյային են պատկանում նաև տարբեր ապրանքների ներկրումներով զբաղվող «Ապեյրոն» և «Չիմեգ» ընկերությունները:

Գագիկ Խաչատրյանը վերջին՝ ավելի քան 15 տարում Հայաստան շոկոլադ ներկրողներից է։ Նրան է պատկանում ուկրաինական «Ռոշեն» քաղցրավենիքի՝ Հայաստան ներմուծող ընկերությունը։

2011 թվականին Գագիկ Խաչատրյանը, ըստ մամուլում տարածված տեղեկության, 200 միլիոն եվրոյով գնել է Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում գործող շոկոլադի գործարանը։ Վաճառքի գումարի 48 միլիոն եվրոն նախկին պաշտոնյան վճարել է կանխիկ, իսկ մնացածը՝ բանկային փոխառությամբ։ Գործարանը պաշտոնապես գրանցված է նրա որդիներից մեկի անունով։ Հենց այս գործարանում են արտադրվում Հայաստանի մեծահարուստների շրջանում հայտնի «Մոցարտ» շոկոլադները։

Ըստ մամուլի՝ նախկին պաշտոնյային է պատկանում նաև Հյուսիսային պողոտայում գտնվող ժամացույցների և ոսկյա զարդերի վաճառքով զբաղվող «Խրոնոգրաֆ» խանութը, որտեղ ժամացույցի գները հասնում են մի քանի միլիոն դրամի: 

Մինչև 2016 թվականը Գագիկ Խաչատրյանի ընտանիքին էր պատկանում նաև «Յուքոմ» ընկերությունը, որի հսկիչ փաթեթը նույն թվականին վաճառվեց։ 

1

Անդրադառնանք նաև Գագիկ Խաչատրյանին կամ նրա ընտանիքին պատկանող անշարժ գույքին։ Ծաղկաձորում գտնվող մեծ առանձնատունը մամուլը կապում է Խաչատրյանի անվան հետ: Այդ դղյակի առանձնահատկություններից մեկն այն է, որ տարածքում կառուցվել է թենիսի կորտ, մանկական խաղահրապարակներ, լողավազան, ֆուտբոլի դաշտ։ Առանձնատունը գնահատվում է 3,5 - 4 մլն դոլար:

Գագիկ Խաչատրյանի ընտանիքը 2011-ից Ֆրանսիայում գրանցել է անշարժ գույքի բիզնեսով զբաղվող ընկերություն, որի միջոցով նույն տարում Փարիզի ամենաթանկ համարվող թաղամասերից մեկում՝ Էյֆելյան աշտարակի հարևանությամբ գտնվող Յոթերորդ թաղամասում, բնակարան է ձեռք բերել։

1

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ 2010-ին Գագիկ Խաչատրյանի որդիները Լոս Անջելեսի Վեսթվուդ թաղամասում 11 միլիոն դոլարով առանձնատուն էին գնել, որը հետագայում վաճառել 18 միլիոն դոլարով։ 2017 թվականին մամուլը գրել էր, որ Խաչատրյան եղբայրները, այս ամենից բացի, Լոս Անջելեսի մեկ այլ հասցեում նոր վիլլա են կառուցում։ Այս գործարքների իրականացման ամբողջ ընթացքում Գագիկ Խաչատրյանը ղեկավարել է Պետեկամուտների կոմիտեն։

Գագիկ Խաչատրյանի անվան հետ էր կապվում նաև «Աֆրիկյանների տունը», որը, չնայած քաղաքացիների՝ այն պահպանելու ջանքերին, քանդվեց։

աֆրիկյաններ

Մամուլը բազմիցս գրել է նաև Խանջյան 29 հասցեում գտնվող շենքի մասին, որը  Գագիկ Խաչատրյանը խլել էր ինքնասպանություն գործած հայտնի գործարար Համլետ Ամիրխանյանից։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից ԱԱԾ-ի քննական դեպարտամենտը խուզարկություններ է իրականացնում Գագիկ Խաչատրյանի բնակարաններում, առանձնատանը, նրա հետ կապ ունեցող գրասենյակներում։

Արթուր Վանեցյանը ԶԼՄ-ների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է, որ առանձնապես խոշոր չափերի վատման և պաշտոնական դիրքի չարաշահման հիմքով քրգործ է հարուցվել, և որ Գագիկ Խատատրյանը բնակարանների խուզարկություններից հետե բերման կենթարկվի։