«Փաստերի ստուգման հարթակը» մոլորության մեջ է գցում հասարակությանը՝ մեղադրելով ինձ. Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 12, 24News

ա

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ «Փաստերի ստուգման հարթակ» նախագիծն իր կայքում անդրադարձել է իմ հայտարարությանը՝ կապված Ազգային Ժողովի անարդյունավետ գործուղումների և տարվա կեսից այդ գործուղումների համար կառավարության կողմից հատկացված հսկայական գումարների հետ:

Ես գրել էի բառացի հետևյալը. «Խորհրդարանական դիվանագիտության գուցե միակ «նվաճումը» անթիվ-անհամար-անիմաստ գործուղումներն են, որոնց վրա առաջին կիսամյակում արդեն ծախսվել է տարեկան բյուջեով հաստատված ամբողջ գումարը, և կառավարությունը կրկին հսկայական միջոցներ է տրամադրել խորհրդարանին՝ այդ վոյաժները շարունակելու համար»:

Դանիել Իոաննիսյանին պատկանող այս նախագիծը իր կայքում իբր թե ստուգել է այս հայտարարության իսկությունը և եզրակացրել, որ՝ «Արմեն Աշոտյանը ապատեղեկատվություն է տարածել՝ հայտարարելով, թե մեկ տարվա գործուղումների համար հատկացված գումարները ծախսվել են կես տարում և այդ նպատակով կառավարությունը նոր միջոցներ է տրամադրել կամ պատրաստվում է տրամադրել»: Զուգահեռ նրանք մեղադրել են նաև որոշ լրատվականների՝ իմ այս պնդումը տարածելու մեջ՝ aravot.am, news.am, hraparak.am, iravunk.com, ankakh.com։

Իրականում դեռս սույն թվականի մայիսի 16-ին Կառավարության նիստին ընդգրկված է եղել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին գումար հատկացնելու մասին» հարցը:

Այդ նիստին ՀՀ կառավարությունը կայացրել է համապատասխան որոշում, և Ազգային ժողովին լրացուցիչ հատկացրել 892,628.9 հազ. դրամ:

Որոշման կից տեղեկանք-հիմնավորման մեջ սևով սպիտակի վրա գրված է, որ այդ գումարը ներառում է նաև ԱԺ գործուղումների համար լրացուցիչ ծախսեր՝ (4222) «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդվածով 301,802.0 հազ. դրամ:

Այսքանից հետո տվյալ հարթակը մոլորության մեջ է գցում հասարակությանը, մեղադրում է ինձ իբր ապատեղեկատվություն գրելու, իսկ ԶԼՄ-ներին՝ այն տարածելու մեջ:

Ակնհայտ է, որ իրեն փաստերի ստուգման հարթակ հռչակած կայքը կարող էր իսկապես խորամուխ լինել հարցի մեջ: Հակառակ դեպքում՝ գործ ունենք կամ աղաղակող ոչ պրոֆեսիոնալիզմի, կամ ուղղորդված հակաքարոզչության հետ:

Տվյալ հարթակից ակնկալում եմ ներողություն և իրենց հրապարակած նյութի բովանդակության վերանայում:

Հ.Գ. Մեկնաբանությունում՝ կառավարության որոշման հղումը (հարց 31)»:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news