Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայից ժամանած ուխտավորներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Հասարակություն

Սեպտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի հայոց թեմի ուխտավորներին՝ առաջնորդությամբ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի: Թեմի տարբեր համայնքներ ներկայացնող ուխտավորները ժամանել են Սուրբ Էջմիածին թեմի առաջնորդական ընդհանուր փոխանորդ Հոգեշնորհ Տ.Գրիգոր աբեղա Խաչատրյանի վարդապետական թեզի պաշտպանության առիթով:

Վահան Սրբազանը ուխտավորների անունից ուրախություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հյուրընկալության և հայրական օրհնության համար` գնահատանքով անդրադառնալով նաև Հայր Գրիգորի հոգևոր ծառայությանը:

Վեհափառ Հայրապետն, իր օրհնությունը փոխանցելով ուխտավորներին, գոհունակությամբ նշեց, որ հաճելի է տեսնել այն հոգևոր ամուր կապը, որ ձևավորվել է եկեղեցականի և նրա համայնքայինների միջև: Շնորհավորելով Հայր Սուրբին վարդապետական թեզի պաշտպանության առիթով՝ Նորին Սրբությունն անդրադարձավ Եկեղեցու կյանքում վարդապետաց դասի կարևոր առաքելությանն ու դերակատարությանը: 

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը փոխանցեց հայորդիներին եկեղեցական կյանքում նրանց կարևոր ներգրավվածության համար: Նորին Սրբությունն անդրադարձավ Ֆրանսիայի հայոց թեմի գործունեությանը և Սփյուռքի առջև ծառացող մարտահրավերներին` ընդգծելով, որ փորձություններին հնարավոր է դիմակայել համայնքների համախմբվածության և հզոր հավատքի շնորհիվ:

Հայոց Հայրապետը պատգամեց փարված մնալ նախնյաց սուրբ հավատքին և հավատարիմ ազգային ինքնությանը շարունակել գործուն մասնակցությունը ազգային-եկեղեցական կյանքում:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Տերը պահապան լինի Ֆրանսիայի թեմի հոգևոր դասին և զորացնի ֆրանսահայ համայնքին իր հավատքի մեջ: