Փաշինյանի կառավարությունը ԵԱՏՄ գաղտնի փաստաթուղթը դարձրել է հասանելի․ Միհրան Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

1

Համացանցում է հայտնվել ԵԱՏՄ «Գաղտնի» դրոշմագրով փաստաթուղթ։ Այս մասին հայտնում է  ԱԺ նախկին պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը՝ ֆեյսբուքյան իր էջում․

«Այն ոչ թե հաքերային հարձակման կամ փաստաթղթի գողության, այլ կառավարության գործունեության փնթիության, միգուցե նաև ԵԱՏՄ-ի գործունեության ու Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ուղիղ սաբոտաժի հետևանք է:

Այսպես. 2018թ. հունիսի 28-ին Բրյուսելում ստորագրվել է Եվրասիական տնտե­­սա­կան միության անդամ պետությունների և Վիետնամի Սո­ցիա­լիս­տական Հան­րա­պե­տու­թյան կենտ­րոնական մաքսային մարմինների միջև «Եվրա­սիա­կան տնտեսական միության և դրա ան­դամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կող­մից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվա­կանի մայիսի 29-ի համաձայնագրի 5.7 հոդվածի հա­­­մաձայն տեղեկությունների փո­խա­նակման իրագործման մասին արձանագրությունը: Այն ստորագրել են` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Վիետնամը:

Արձանագրությամբ սահմանվում են ԵԱՏՄ անդամ պետությունների և Վիետնամի կենտրոնական մաքսային մարինների միջև մաքսային տեղեկությունների փոխանակման տեխնիկական պահանջները, էլեկտրոնային հաղորդակցությունների կառուցվածքը և փո­խա­նակման կանոնները՝ նպատակ ունենալով նպաստելու տեղափոխվող ապրանքների նույնականացմանը, մաքսային հսկողության գործընթացի արագացմանը և արդյունա­վետության բարձրացմանը, այդ թվում՝ ռիսկերի կառավարման համակարգի կիրառմամբ, ինչպես նաև օրենսդրության նորմերի խախտումների կանխմանը:

Արձանագրությամբ հստակ սահմանված է, որ տեղեկությունների էլեկտրոնային փո­խանակումն իրականացվում է կա­նո­նա­վոր կերպով՝ Արձանագրության՝ սահմա­նա­փակ հասանելիություն ունե­ցող (կոն­ֆիդեն­ցիալ) փաստաթուղթ համարվող 1-ին հավել­վա­ծով սահմանված տեխնի­կա­­կան մասնագրերի համաձայն: Եվ, որ կողմերը պար­տա­վոր են ապահովել այդ հավելվածում պարունակվող տեղեկությունների պաշտ­­­­պանու­թյու­նը՝ դրա համապատասխան կանոններին և կարգավորումներին հա­մա­պատասխան: Հիշյալ N 1 հավելվածն ունի «Գաղտնի» դրոշմագիր:

Ինչպես ներպետական օրենսդրություններով, այնպես էլ միջազգային պայմա­նագրե­րով, գաղտնիք կազմող (ծառայողական օգտագործման համար) տեղեկու­թյուն­ները պաշտպան­վում են պետությունների կողմից, և դրանց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել, վնաս հասցնել անվտանգությանը՝ առանձին ոլորտներում: Հետևա­բար, նման տեղեկությունները չեն կարող հրապարակվել, դրանք չեն կարող հասանելի լինել այն անձանց հա­մար, ովքեր չունեն դրանց ծանոթանալու, օգտագործելու և տա­րածելու համապատասխան թույլտվություն:

Հայաստանը ձեռնարկել է արձանագրության ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացման գործընթաց: Սակայն, այդ ընթացքում հրապարակվել է «Գաղտնի» դրոշմագրով N 1 հավելվածը: Մասնավորապես, այն հրապարկված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում՝ որպես 2019 թվակա­նի մայիսի 23-ի ՀՀ կառավարության նիստի օրակարգի N 35 հարցի նյութ: Չի բացառվում, որ այն առանց սահմանափակ հասանելիության շրջանառվել է մինչ այդ և դրանից հետո ևս:

Հատկանշական է, որ որ հիշյալ արձանագրությունը ստորագրած մյուս երկրների համար այն արդեն իսկ ուժի մեջ է մտել և, բնականաբար, վերջիններս գործում են հիշյալ արձա­նագրու­թյամբ սահմանված այն պահանջով, որ դրա «Գաղտնի» դրոշմագրով N 1 հավելվածը սահմանափակ հասանելիություն ունի: Իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այն ողջ մարդկության համար դարձրել է հասանելի` դեռևս չստանձնելով միջազգային պար­տա­վորու­թյունները:

Ցավոք, նման դեպքերը մեր երկրի համար անհետևանք չեն մնում, որովհետև միջազգային պարտավորությունների չկատարումը պետության հեղինակության և ռազմաքաղաքական ու տնտեսական անվտանգության հարցերում հղի է լրջագույն վտանգներով»,-գրել է Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում և կից ասածն ապացուցող լուսանկարներ հրապարակել։

1
1