Կամո Փիրուզյանի սպանության գործով նիստը շարունակվեց առանց տուժող կողմի ներկայացուցիչների

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակում է քննվել Կամո Փիրուզյանի սպանության գործը, որի իրագործման և կազմակերպման համար մեղադրանք է առաջադրվել Վլադիմիր Դավթյանին և քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանին (Ալավերդցի Վահագ)։

Հոկտեմբերի 11-ին կայացել է այս գործի հերթական նիստը, որի ընթացքին դատարանի դահլիճում հետևել է նաև 24News-ը։

Նիստի սկսվելուն պես դատարանը որոշեց ապացույցների հետազոտումը թողնել կիսատ և, փոխելով ապացույցների հետազոտման իր իսկ կողմից նախապես հաստատված կարգը, հարցաքննել վկա Արթուր Մնացականյանին: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը, սակայն, առարկեց դատարանի գործողությունների դեմ՝ նշելով, որ առանց ապացույցներն ուսումնասիրելու վկային հարցաքննել չեն կարող, քանի որ տրվելիք հարցերի գերակշիռ մասը վերաբերելու են դեռ չհետազոտված ապացույցներին։

Հարցի կապակցությամբ լսելով նաև մեղադրվող կողմի՝ Ալավերդցի Վահագի պաշտպանների կարծիքն այն մասին, որ վկային պետք է հենց այդ նիստի ընթացքում հարցաքննել, քանի որ վերջինս կարճ ժամանակով է վերադարձել Հայաստան, դատարանը որոշեց այդպես էլ վարվել և առանց գործում առկա ապացույցների ուսումնասիրման անցնել վկա Մնացականյանի հարցաքննությանը։

Իրավիճակի սրությունը կայանում է նրանում, որ Արթուր Մնացականյանը, ով երկու տարի բացակայել է Հայաստանից, որոշել է փոխել նախկինում տրված ցուցմունքները։ Վերջինիս հայտնաբերել և Հայաստան է բերել հենց Վահագն Աբգարյանի պաշտպանական թիմը։ Դատարանի դահլիոճւմ ակնհայտ երևում էր, որ նրանք էլ ուղորդում են վկային։ Մամուլում արդեն հրապարակումներ են եղել այն մասին, որ հնրավաոր է վկա Արթուր Մնացականյանը գտնվում է ուժեղ ճնշման տակ և ստիպված է վերադարձել Հայաստան՝ փոխելու իր ցուցմունքները։

«Պաշտպանական կողմը նշում է՝ վկան պատրաստվում է մեկնել Հայաստանի Հանրապետությունից, ու ես ուզում եմ հասկանալ՝ եթե հաջորդ դատական նիստը նշանակվել է ամսի 23-ին, ու մենք նրան հարցեր ուղղելու հնարավորություն չենք ունենալու, ապա ի՞նչ ինքնանպատակ գործողություն ենք կատարում։ Եթե վկան ուղղակի ցուցմունք է տալու և կողմերին հարցեր ուղղելու հնարավորություն չեն տրվելու կամ դա ձևական բնույթ է կրելու, ապա, բնական է, քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ քննություն չի կարող լինել։ Հիմա, հարգելի՛ դատարան, ուզում եմ հասկանալ՝ որպես կողմ՝ ինչպե՞ս կարող եմ իրացնել իմ իրավունքը, ինչպե՞ս եք պատրաստվում ապահովել իմ՝ հարցեր տալու իրավունքը վկային, եթե հայտարարում եք, որ նա ՀՀ-ում կարճ ժամանակով է, դուք էլ ամեն բան անում եք, որ մենք չկարողանանք հարցեր տալու հնարավորություն ունենանք»,- ասաց տուժող կողմի իրավահաջորդի պաշտպան Լուսինե Սահակյանն այն բանից հետո, երբ դատարանը այնուամենայնիվ որոշեց առաջնորդվել մեղադրվող կողմի օրակարգով։

Լուսինե Սահակյանն ու տուժողի իրավահաջորդի մյուս ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանը այնուհետև որոշեցին ինքնաբացարկի դիմում ներկայացնել գործը քննող դատավորին։ Դատարանը սակայն որոշեց մերժել ինքնաբացարկի դիմումն ու չնայած աշխատանքային օրվա ավարտին՝ շարունակել նիստը։ Դատարանի այս որոշումն առարկեցին Վարոսյանն ու Սահակյանը։ Վարոսյանը դատավոր Մաթևոսյանին ևս մեկ ինքնաբացարկի միջնորդության մասին հայտարարեց, բայց Մաթևոսյանը հայտարաեց, որ այլևս չի լսելու տուժողի իրավահաջորդների պաշտպաններին՝ իր այդ հայտարարությամբ մեծ վեճ գցելով կողմերի միջև, որի հետևանքով պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը լքեցին դահլիճը։

Դատավորի պահանջով վկայի հարցաքննությունն ընթացավ արդեն առանց Կամո Փիրուզյանի իրավահաջորդների ու լրատվամիջոցների ներկայության։

Մանրամասները տեսանյությում։