«Ավրորա»-ն լավագույնս նպաստում է աշխարհում հայ ժողովրդի հեղինակության բարձրացմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

.

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողության ժամանակ ունեցած ելույթում ՀՀ վարչապետն ընդգծել է, որ «Ավրորա» նախաձեռնությունը մեծ ու կարևոր աշխատանք է կատարում։

«Եվ ես ուրախ եմ ձեզ բոլորիդ տեսնել Երևանի Ազատության հրապարակում և մեր հյուրերին ասել՝ բարի գալուստ Հայաստան։ Նաև ցանկանում եմ մեզ բոլորիս շնորհավորել Հայաստանում «Ավրորա» ֆորումի շաբաթ անցկացնելու կապակցությամբ և ողջունել այդ հիասքանչ միջոցառման բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին։ Քաջատեղյակ եմ, որ ֆորոմւի շրջանակներում Հայաստանում անցկացվել են և մի քանի օր դեռևս անցկացվելու են բազմաթիվ հետաքրքիր քննարկումներ, որոնք վերաբերվում են արհեստական բանականությունից մինչև մշակութային ժառանգության պահպանման, կրթության զարգացման ու մարդասիրական գործողություններին առնչվող զանազան հարցերի։ Մենք երախտապարտ ենք «Ավրորա»-ին այդ քննարկումներն անցկացնելու և այդ միջոցով Հայաստանի մտավոր ու մշակութային կյանքը հարստացնելու ապագայի մեր տեսլականի ձևավորմանը նպաստելու համար։

Փաշինյանի խոսքով «Ավրորա» նախաձեռնությունը կարևոր տեղ է զբաղեցնում մեր կյանքում։ «Հպարտությամբ կարող ենք ասել, որ «Ավրորա»-ն այսօր համաշխարհային լայն ճանաչում է ստացել  և լավագույնս նպաստում է աշխարհում հայ ժողովրդի հեղինակության բարձրացմանն ու ճանաչելիության ընդլայնմանը։ Ստեղծվելով որպես Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը անմահացնելու միջոց, «Ավրորա» մրցանակաբաշխությունը փառաբանում է մարդասիրությունը, քաջալերում խաղաղությունը և մարդկության առաջընթացին ծառայելու անմնացորդ նվիրումը։ «Ավրորա»-ն դարձել է մեր ժողովրդի յուրատեսակ ներդրումը մարդու իրավունքների և հումանիզմի գաղափարների տարածման ու ամրապնդման համար աշխարհում։  Այն, եթե թույլ տաք ասել, դարձել է մեր խաղաղության համար շնորհվող Նոբելյան մրցանակը։ Ցավոք, ժամանակակից աշխարհում հակամարտություններն ու պատերազմներն ամենուրեք են, երկրագնդի գրեթե բոլոր անկյուններում, և «Ավրորա» մրցանակաբաշխությունն այն գործիքներից է, որը հիրավի կարևոր ներդրում է կատարում մարդկային ողբերգությունների կանխարգելման և խաղաղության հաստատման համար։ «Ավրորա»-ն սատարում ու մեծարում է այն անհատներին, ովքեր անտեսելով բոլոր դժվարություններն ու վտանգները գործում են հանուն մարդկային կյանքի, առողջության, արժանապատվության, իրավունքների պաշտպանության, խաղաղության։ Եվ սա յուրօրինակ մի արտահայտումն է աստվածաշնչյան ասվածքի՝ «Երանի խաղաղարարներին, քանզի նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն։ Ինձ համար պատիվ է ողջունել և շնորհավորել «Ավրորա» մրցանակի երեք մարդասերներին, 2019 թվականի Ավրորայի հերոսներին, որոնց կատարած բացառիկ աշխատանքը և իրականացրած առաքելությունը մենք հավաքվել ենք այստեղ մեծարելու»,- ասաց վարչապետը։