Սահմանադրական դատարանը զրկել է ԱԺ-ին իր լիազորություններից մեկից. Վլադիմիր Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Վլադիմիր

ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը,  անդրադառնալով Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումի հարցով ՍԴ կայացրած որոշմանը, հոկտեմբերի 21-ին՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ՍԴ-ն իր որոշմամբ զրկել է ԱԺ-ին իր լիազորություններից մեկից։

«Օրենքի լեզուն որևէ տեղ չի ասում, որ կարող ես դիմել ՍԴ միայն այն պարագայում, երբ արդեն իսկ առկա է ՍԴ որոշումը դատավորին կարգապահական պատասխանատվության կանչելու: Ինչ վերաբերում է ՍԴ դատավոր-անդամ խնդրի ուսումնասիրմանը, ապա ՍԴ-ն կարող է քննել գործ, եթե կա համապատասխան դիմում: Ցույց տվեք որեւէ տեղ, որեւէ հատված ԱԺ-ի կողմից ներկայացված դիմումի մեջ, որտեղ խոսվում է այն մասին, որ խորհրդարանը խնդրում կամ հայցում է ՍԴ-ից՝ մեկնաբանել ՍԴ անդամ-դատավոր հասկացությունների միջեւ հարաբերակցությունը: Ավելին, ԱԺ դիմում հավելվածում հստակ գրված է, որ մեզ համար այս պահի դրությամբ ՍԴ դատավոր-անդամ վեճը կարեւոր չէ: Բայց ՍԴ-ն առանց մեր դիմումի անդրադարձել է դրան»,-ասել է Վլադիմիր Վարդանյանը:

Դիտարկմանը, թե «Իմ քայլ»-ի պատգամավորները նշել են, թե հետքայլ չի լինելու, Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ հետքայլ չի լինելու սահմանադրական արդարադատության հաստատումից:

«Հետքայլ չի լինելու նրանից, որ պետական մարմինները պարտավոր են իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենսդրությամբ: ՍԴ-ն, չունենալով վերադաս մարմին, այդուհանդերձ ունի պարտավորություն՝ չշեղվելու իր սահմանադրական առաքելությունից:

ՍԴ-ն պետք է լուծի սահմանադրական ճգնաժամերը, ոչ թե խորացնի ճգնաժամեր: Ես խորապես մտահոգված եմ այն մեկնաբանությամբ, որ տրվել է ՍԴ-ի կողմից՝ կապված այն հարցի հետ, որ մինչեւ ՍԴ-ն համապատասխան որոշում չկայացնի, ԱԺ-ն չի կարող էական կարգապահական խախտման հիմքով դիմել ՍԴ: Սա նշանակում է, որ ՍԴ-ն, ըստ էության, առանց համապատասխան խնդրանքի, մենկաբանել է օրենքը, և այնպիսի մեկնաբանություն է տվել, որ այդ օրենքը դարձել է հակասող Սահմանդրությանը: Այսինքն՝ ՍԴ-ն այս որոշմամբ առնվազն զրկել է ԱԺ-ին իր լիազորություններից մեկից: Մենք գործ ունենք իրավիճակի հետ, երբ սահմանադրական անվտանգությունը, սահմանադրական արդարադատության վիճակը կարող է խաթարված լինել»:

Հարցին՝ ո՞րն է լինելու «Իմ քայլը» խմբակցության հաջորդ քայլը, ԱԺ հանձնաժողովի նախագահն ասել է, որ ենթադրում է՝ կլինեն հայտարարություններ, հետագա գոծընթացներ՝ կապված երկրում սահմանադրական անվտանգության այս կարեւորագույն տարրերի պահպանման հետ:

«Շատ վտանգավոր է մի վիճակ, երբ պետական որեւէ մարմին շեղվում է իր սահմանադրական առաքելությունից: Այդ շեղվելու համար ստեղծված է ՍԴ-ն: Իսկ եթե ՍԴ-ն է շեղվում իր սահմանադրական առաքելությունից, ի՞նչ անես: Սա լրջագույն խնդիր է, որը որեւէ իրավազորության շրջանակներում, որեւէ երկրում չունի միանշանակ լուծում:

ԱԺ-ի արձագանքն էլ պետք է սրան լինի. ԱԺ-ն պետք է արձագանքի՝ հաշվի առնելով այն կարեւոր հանգամանքը, որ մենք գործ ունենք սահմանադրական հավասար ինստիտուտների հետ եւ որեւէ մեկը չի կարող վերցնել գործառույթ մյուսին զրկել իր սահմանադրական գործառույթները կատարելուց»,-ասել է Վլադիմիր Վարդանյանը:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news