Պարոն Փաշինյա’ն, վտանգված է Իջևանի պատկերասրահի ճակատագիրը. Արմինե Թումանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

«Պարոն Փաշինյան, վտանգված է Իջևանի պատկերասրահի ճակատագիրը»,- եթերից այս խոսքով է դիմում վարչապետին Հայաստանի նկարիչների միության Տավուշի մասնաճյուղի ղեկավար Արմինե Թումանյանը: 

Խնդիրն այն է, որ վարչապետի հայրենի Իջևանի նախկին քաղաքապետ Վարդան Ղալումյանի կայացրած որոշումով Իջևանի «Վերնատուն» եռահարկ պատկերասրահը տրամադրվել է ինտեգրված սոցիալական ծառայության «Մեկ պատուհան»  կենտրոնին: 

«Այժմ քաղաքապետարանն առաջարկում է, որ շենքի միայն երկրորդ հարկը մնա պատկերասրահ, իսկ դա կորցնում է ամբողջական իմաստն ու բովանդակությունը,- նշում է գեղանկարիչը և հավելում,- եթե նախկինում պատճառաբանում էին, որ պատկերասրահը պասիվ կյանքով է ապրում, ապա հուլիս ամսից մի շարք միջոցառումներ եմ կազմակերպել: Այժմ զգալի է մշակութային ակտիվությունն ու արվեստասեր հասարակության ուշադրությունը: Մտադիր եմ մշակութային նոր նախագծեր իրականցնել, իսկ դրա համար անհրաժեշտ է պատկերասրահի շենքն ամբողջությամբ, որն անհամատեղելի է սոցիալական ծառայության հետ: Անհրաժեշտ է եղածը պահպանել և զարգացնել, հատկապես, որ մտահոգ ու մշակույթով շահագրգիռ մարդիկ կան, ոչ թե եղածն էլ ոչնչացնել, պատճառաբանելով, թե ոչ ոքի պետք չէ»։