Unibank

Unibank Mobile

Ստյոպա Սաֆարյանի արտահայտություններ անցնում են էթիկայի սահմանները․ՀԽ հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես անդարդարձ է արվել Ստյոպա Սաֆարյանի առանձին արտահայտություններին։

ՀԽ հայտարարությունը՝ ստորև․

«Ս․թ․ նոյեմբերի 13-ին Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովը (հանձնաժողովի նախագահ՝ Լարիսա Ալավերդյան), քննարկել է LIVEnews.am կայքի լրագրող Թագուհի Ասլանյանի դիմումը, որը վերաբերում է Հանրային խորհրդի անդամ, «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կողմից ս․թ․ հոկտեմբերի 29-ին իր գրասենյակում նախաձեռնված քննարկմանը մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությունն արգելելու, լրատվամիջոցների երկու կին լրագրողների հասցեին անձնական վիրավորանքներ հասցնելու հարցին։

Հանձնաժողովը գտնում է, որ հարցն ունի քաղաքական, իրավական եւ բարոյական կողմ։

Զերծ մնալով հարցի վերաբերյալ քաղաքական եւ իրավական գնահատականներից (հատկապես, որ դիմումատուն դատական հայց է ներկայացրել դատարան)՝ հանձնաժողովն իր դիրքորոշումն է արտահայտում հարցի բարոյական կողմի վերաբերյալ։

Հանձնաժողովը գտնում է, որ Ստյոպա Սաֆարյանի առանձին արտահայտություններ (օրինակ՝ լրագրողներին «պոռնկախումբ» անվանելը, լրատվամիջոցի ներկայացուցչի հրավերը «սաունա հրավիրելու» հետ համեմատելը) անցնում են էթիկականի սահմանները, ունեն սեքսիստական բնույթ։ Հանձնաժողովը կոչ է անում Ստյոպա Սաֆարյանին զերծ մնալ նման գործելակերպից։

Հանձնաժողովը մտահոգություն է հայտնում առհասարակ հանրային եւ քաղաքական դիսկուրսում, սոցիալական ցանցերում առկա ոչ նորմատիվ խոսքի, ատելության եւ անհանդուրժողականության դրսեւորումների վերաբերյալ։

Հանձնաժողովը հորդորում է հասարակության բոլոր անդամներին հանրային քննարկումներում ու բանավեճերում տեսակետ եւ դիրքորոշում արտահայտելիս լինել զուսպ, պահպանել հաղորդակցման էթիկայի նորմերը, զերծ մնալ վիրավորանքից, ատելության խոսքից եւ ագրեսիվ հռետորաբանությունից, հիշել, որ բանավեճը պետք է նպաստի խնդիրների լուծմանը, ոչ թե դրանց խորացմանն ու նորանոր խնդիրների առաջացմանը:

Հանձնաժողովը գտնում է, որ հանդուրժողականության եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտի ձեւավորումը պետք է լինի մեր երկրի առաջնահերթ խնդիրներից: Այդ առումով լուրջ դերակատարություն ունեն թե՛ քաղաքական ու հանրային գործիչները եւ թե՛ լրատվամիջոցները:

Տեսանյութեր

Live

Լրահոս